Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես են հայերն ու հույները փրկվել ճապոնական «Տոկեի Մարու» նավով. Աննա Վարդանյանի ուսումնասիրությունը

Ապրիլ 10,2024 23:03

Լույս է տեսել «Տոկեի Մարու․ ճապոնական նավի հետագծով» գիրքը (հայերեն/անգլերեն), որը համապարփակ գիտական հետազոտություն է։ Հեղինակը միջազգայնագետ- ճապոնագետ Աննա Վարդանյանն է:

Aravot.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ուսումնասիրության նպատակն է բացահայտել եւ ընթերցողին ներկայացնել 1922 թ. սեպտեմբերին Զմյուռնիայի քրիստոնեաբնակ թաղամասերի հայ և հույն բնակչության ցեղասպանության ժամանակ ճապոնական «Տոկեի Մարու» նավի խիզախ նավապետի մարդասիրական վարմունքը. «Ուշադրության է արժանի գրքի հետևյալ դրվագը․ ըստ տարբեր վկայությունների՝ նավապետը, չվախենալով Քեմալ Աթաթուրքի սպառնալիքներից, առանց վարանելու նավի ուղեբեռը նետել է ծովը, փոխարենը ավելի շատ հայերի եւ հույների ընդունել տախտակամած։ Գրքում զետեղված են հույն անիմատոր, միեւնույն թեմայի հետազոտող, «Տոկեի Մարու» հունալեզու գրքի հեղինակ Զախոս Սամոլադասի անիմացիոն նկարները, որոնք պատկերավոր ներկայացնում են այդ օրերի եղելությունը»։

Գրքի հեղինակ Աննա Վարդանյանը տեղեկացրեց, որ թեմայի առնչությամբ հետազոտությունները կատարել է Հունաստանում, Ճապոնիայում, այնուհետև դիմել է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ․գ․թ․, թեմայի հետազոտող Թեհիմնե Մարտոյանին՝ իր հետազոտությունն ամբողջական դարձնելու ակնկալիքով։ Նրա խոսքով, Թեհմինե Մարտոյանի ՀՑԹԻ-ի արխիվային ուսումնասիրությունների շնորհիվ երեւան եկան հայ տարագիրների նոր վկայություններ, որոնք փրկվել էին ճապոնական «Տոկեի Մարու» նավով։

Հայկական կողմի բոլոր պատմագիտական բացահայտումները ներկայացվել են 2021 թվականի «Տոկեի Մարու. Զմյուռնիայի հայերի և հույների փրկուղին» խորագրով միջոցառմանը Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում, որին ներկա էր նաև ժամանակի Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան, Ն․Գ․ Ջուն Յամադան։

«Ճապոնական նավի խիզախ նավապետի եւ անձնակազմի մարդասիրական արարքի շնորհիվ է նաեւ, որ այսօր` ավելի քան հարյուր տարի անց, պատմական հեռավորությունից կարող ենք փաստել, որ յուրաքանչյուր նմանօրինակ քայլ արժանի է դրվատանքի և պետք է թույլ չտալ, որ ժամանակի փոշին մոռացության մատնի այն»,-համոզված է հեղինակը։

Ի դեպ, գրքի շնորհանդեսը կկայանա ապրիլի 11-ին՝ Էպիգրաֆ գրատանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930