Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը մի մազաչափ երբեք հետ չի կանգնի իր նպատակից։ Այսօր ևս նա շարունակում է իր ցեղասպանությունը»․ Լարիսա Ալավերդյան

Ապրիլ 10,2024 22:40

«Մենք իզուր ենք ամեն ինչը՝ թե’ մեր պատմությունը, թե′ ապագան ու առօրյան կապում իշխանության հետ։ Կներեք, իսկ ո՞ւր են այն ակտիվ գործողությունները, որոնք պարտադիր ձևով պետք է անեն այլ սուբյեկտները»,-«Անվտանգային վերլուծությունների ինստիտուտի» կողմից նորաստեղծ «Արցախ» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Մարաղա․ շարունակվող ցեղասպանություն. չընդհատվող պայքար» խորագրով ինտերակտիվ պանելային քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար, ՀՀ առաջին մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Ըստ նրա՝ ի տարբերություն ՀՀ-ի՝ Ադրբեջանն ունի ունի ռազմավարություն․ այդ ռազմավարությունն ամբողջովին կառուցված է ստերի վրա․ «Ինչ վերաբերում է հայկական կողմին՝ հիշեցնեմ՝ դեռ առաջին նախագահի ժամանակ բոլոր դեսպանները ու պատգամավորները ստացել են մի հրահանգ՝ ընդհանրապես չխոսել այդ թեմայով, չարձագանքել Ադրբեջանին, քանի որ դա կդառնա կռիվ, միջազգային հանրությունը վատ է դա ընկալելու, և մենք ոչ քաղաքակիրթ ենք երևալու։ Մենք ունեինք ռազմավարություն, որը կամա թե ակամա սպասարկում էր ստի վրա կառուցված, ցեղասպանական թուրք- ադրբեջանական ռազմավարությունն ու ծրագրերը»։

Լարիսա Ալավերդյանը պնդեց՝ սա պատմության վերջը չէ և մենք պետք է ուղղակի հստակեցնենք, դասեր քաղենք այս ամենից, այլ ոչ թե ձեռքներս ծնկերին խփենք։ Ըստ նրա՝ եթե մենք չաշխատենք, Ադրբեջանի ու Թուրքիայի հանցագործությունները չեն պատժվի։ Եվ պետք է աշխատել հասցեական։

Լարիսա Ալավերդյանը, հիշեցնելով միջազգային քրեական դատարանի դատախազի կոչը, թե Հռոմի ստատուտի վավերացումից հետո պետք է ՀՀ-ն քրեական դատարանը հեղեղի նամակներով, ինչը կանեն այդ ցեղասպանությունը վերապրած մարդիկ, հարցրեց․ «Ինձ կարո՞ղ եք ասել՝ այդպիսի հեղեղում կա՞ նամակների։ Ո՞ւմ պիտի մեղադրենք։ Արցախը, լինելով չճանաչված պետություն, ունի միջազգային իրավունքի սուբյեկտություն։ Ցավոք, բոլոր մեր կոչերը, որ Արցախն իրեն հենց այդպիսին զգա, ինքը դիմի ՝լինի ՄԱԿ, լինի Հռոմի ստատուտի այլ պետության մեջ հայտնված փախստականներ, դա զուտ մեր պասիվությունն է։ Եթե կոշտ բնութագիր տամ, սա հանցավոր պասիվություն է»։ Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ միջազգային դատարանին դիմելուց առաջ պետք է նաև ստեղծել մթնոլորտ բոլոր շահագրգիռ պետությունների մասնակցությամբ, անգամ պետք է թշնամի պետությունում դաշնակիցներ գտնել։ Այս առումով ըստ Լարիսա Ալավերդյանի՝ մենք բարձիթողի իրավիճակում ենք թողել այդ ամենը։

Պանելային քննարկման ժամանակ Լարիսա Ալավերդյանը փաստեց․ «Այսօր Արցախի ողջ հայությանը պետք է մենք ընկալենք՝ որպես ցեղասպանություն վերապրած մեր հայրենակիցների՝ անկախ ինչ կարգավիճակ են ստանում։ Ցեղասպան թուրքի համար տարբերություն չկա՝ դուք Կոնդի հայ եք, Արցախի հայ եք, թե՞ Լոս Անջելեսում ապրող հայ եք։ Ցեղասպանությունը չի վերաբերում աշխարհագրությանը։ Ցեղասպանական ռազմավարությունը և նպատակն է արմատախիլ անելը այդ ցեղը, այդ գենը, գենոցիդ, որ ասում են, ամբողջովին գենի մասին է»։ Լարիսա Ալավերդյանն ասաց՝ Ադրբեջանը՝ որպես պետությունը ստեղծվել է անցած դարասկզբին Թուրքիայի կողմից մեկ անփոփոխ նպատակով՝ այն է շարունակել և ավարտել հայերի ցեղասպանությունը ոչ միայն արևելյան Հայաստանում, այլև ամբողջ Հարավային Կովկասում։ Այդ խնդիրը չի փոխվել։ Մեթոդները փոխվել են, բայց ռազմավարությունը չի փոխվել»։

Լարիսա Ալավերդյանը ցավով նշեց՝ ՀՀ-ն չունի ռազմավարություն, որը կհամապատասխանի ժամանակակից մարտահրավերներին․ «Այն, ինչ կոչվում է  ռազմավարություն, դա պարզապես քողարկում է իրողությունը։ Օրվա վարչակարգն իր քաղաքականությամբ ամբողջովին սպասարկում է թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը, կապ չունի՝ դա արվում է չիմանալով, թե՝ պայմանավորված արդյունքներով։ Այս առումով Ադրբեջանը մի մազաչափ երբեք հետ չի կանգնի իր նպատակից։ Այսօր նա ևս շարունակում է իր ցեղասպանությունը։ Ադրբեջանն ու Թուրքիան չեն փոխելու իրենց ցեղասպանական քաղաքականությունը։ ՀՀ-ի օրվա իշխանությունը սպասարկում է այդ քաղաքականությունը։ Դա նշանակում է, որ այն, ինչ չի անում իշխանությունը, պետք է անի նվիրյալների դասը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930