Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անհնար է ուղղակի՝ թուրքը էդքան տարածություն կտրի, գա, Քրիստոսի արձանը ջարդի ու գնա. Բերդի համայնքապետ

Ապրիլ 10,2024 22:10

Տավուշի մարզի Պառավաքար բնակավայրի ղեկավար Սարգիս Մարգարյանը ապրիլի 4-ին նկատել է, որ Պառավաքար բնակավայրի վարչական տարածքում Պառավաքար-Իջևան ճանապարհի եզրին կառուցված, իր հանգուցյալ եղբոր Կարեն Մարգարյանի հիշատակին նվիրված «Սուրբ Կարապետ» մատուռի ներսում, պատին փակցված խաչի վրա առկա Հիսուս Քրիստոսի գիպսե արձանը իրեն անհայտ հանգամանքներում կոտրվել է և փշուրները թափվել են հատակին ու միանգամից հաղորդում է ներկայացրել իրավապահներին:

Քննչական կոմիտեից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը)։ Պառավաքարի ղեկավարը տուժող է ճանաչվել։ Իրականացվում է նախաքննություն:

Մամուլում եղան հրապարակումներ, թե կատարվածի մեջ կա ադրբեջանական հետք, իբրեւ ադրբեջանցու ձեռքի գործ է եղածը: Պառավաքարի ղեկավարը չցանկացավ խոսել առեղծվածային դեպքի մասին, որեւէ մեկի կամ որեւէ բանի հետ չկապեց կատարվածը:

Մեր տեղեկություններով՝ մատուռը գտնվում է բլրի վրա, որի դուռը բաց է ու քամոտ հատվածում է։ Կա վարկած, որ կամ քամուց է եղել, կամ գուցե ինչ որ մեկն է կպել, ընկել է։

Պառավաքարը մտնում է Բերդ համայնքի մեջ, Բերդի ղեկավար Աստղիկ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Պառավաքարի ղեկավարն ավելի վաղ կատարվածի մասին էմոցիոնալ ասել էր, թե դա անողը կարող է թուրք լինել. «Թուրք, ոչ թե ադրբեջանցի նկատի ուներ, այլ բառի իմաստով, որ որպես սադիստ կարող է լինել, այդպես է մեկնաբանում Պառավաքարի ղեկավարը: Բայց քանի որ այդ դեպքը համընկավ Տավուշի մարզի որոշ գյուղերի ուղղությամբ հնչած կրակոցների հետ, բառի ուղիղ իմաստով նրա ասածը տարածվեց: Անհնար է ուղղակի, որ թուրքը գա , էդքան տարածություն կտրի, մտնի, ջարդի ու գնա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930