Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինայի հետ:
Արայիկ Հարությունյանը ողջունել է տիկին Մինայի այցը մեր երկիր և կրկին շնորհակալություն հայտնել Հայաստանի հայտը հաստատելու և Ֆրանկոֆոնիայի հոբելյանական՝ 10-րդ խաղերի, անցկացումը Հայաստանին վստահելու համար: Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը՝ դրանք լավագույնս կազմակերպելու համար:
Զեյնա Մինան շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար:
Հանդիպմանը քննարկվել են հարցեր Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման նախատրաստական աշխատանքների վերաբերյալ: Այդ համատեքստում կարևորվել է նաև Հայաստանում ֆրանսերեն լեզվի տարածմանը խթանելու անհրաժեշտությունը:
Կարդացեք նաև
Նշվել է, որ հայկական կողմն արդեն վերջնականացրել է Խաղերի կազմակերպման Ազգային կոմիտեի ղեկավար կազմի ձևավորման գործընթացը: Ազգային կոմիտեի կազմում ընդգրկված են բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները: Զրուցակիցներն ընդգծել են, որ Ազգային կոմիտեի գործադիր մարմնի ձևավորումն առաջնային կարևորություն ունի՝ Խաղերի կազմակերպման և ՖԽՄԿ և Հայաստանի միջև արդյունավետ աշխատանքն ապահովելու տեսանկյունից:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ