Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական ամբիոնից նման բաներ չի կարելի ասել»․ Նիկոլ Փաշինյանը կշտամբեց ՔՊ-ական պատգամավորին

Ապրիլ 10,2024 18:04

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը նշեց, որ տեղեկություններ կան Գյումրիում ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ՌԴ քաղաքացի Անատոլի Շչետինին առեւանգելու եւ Գյումրիի 102-րդ ռազմաբազայի տարածքում ապօրինի անազատության մեջ պահելու մասին։

«ՌԴ քաղաքացին գտնվում է հետախուզման մեջ եւ ապաստանել է ՀՀ-ում՝ զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով։ Արդյոք սա չի՞ նշանակում, որ ՀՀ-ում որեւէ մեկը չի կարող իրեն անվտանգ զգալ։ Արդյոք համարո՞ւմ եք, որ սա ՀՀ իրավապահ համակարգի աշխատանքի թերացում է՝ հաշվի առնելով, որ ՀՀ տարածքում տեղի է ունեցել մարդու առեւանգում Ռուսաստանի Դաշնության ռազմաբազայի կողմից»,- ասաց պատգամավորը։

Նիկոլ Փաշինյանը վրդովվեց, որ ՔՊ-ական պատգամավորը Հայաստանն անվտանգության առումով խոցելի համարեց եւ կշտամբեց նրան։ «Մեր մարմիններն այդ հրապարակման հետ կապված քննություն են անում։

Բայց ես ուզում եմ մի բան ասել՝ Հայաստանում ամեն օր հարյուրավոր հանցագործություններ են լինում, ցավոք սրտի։ Դրանից հետեւություն անել, որ ՀՀ-ում մարդն իրեն կարո՞ղ է պաշտպանված զգալ, թե՞ ոչ, այդ հարցի պատասխանը միջազգային ռեյտինգներն են տալիս՝ Հայաստանը աշխարհի ամենապաշտպանված երկրներից է։

Մի մարդու հետ կապված դեպք է եղել, վե՞րջ, քանդվեց պրծա՞վ ամեն ինչ, Հայաստանում էլ իրավապահ համակարգ չկա՞, ոչ մեկ այսօր իրիկունը տանից դուրս չգա՞, չագուճները ձեռքներիս ման գա՞նք։ Դուք հասկանո՞ւմ եք, ԱԺ ամբիոնից ըտենց բան ասել։ Անվտանգության առումով մենք 7-րդ տեղն ենք աշխարհում, հասարակական կազմակերպությունն ասում է՝ մարդ են առեւանգել, բոլորս փախնում ենք, ով որ դռնից կարողանում է, դուրս է գալիս։

Քաղաքական ամբիոնից ըտենց բան չի կարելի ասել, հիմա ադրբեջանցիները կվերցնեն, սոցիալական ցանցերում կտարածեն, կասեն՝ տուրիստներ, հանկարծ Հայաստան չգնաք, հենց տանից դուրս ես գալիս այնտեղ առեւանգում են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով տվյալ դեպքին՝ Փաշինյանն ասաց․ «Երկու օր առաջ քաղաքացին փորձել է Զվարթնոց օդանավակայանից մեկնել Հայաստանի Հանրապետությունից։ Քանի որ հետախուզում է հայտարարված եղել, իրեն թույլ չի տրվել եւ հանձնվել է ոստիկանությանը։ Ոստիկանությունը, քանի որ հետախուզումը կալանքով չի եղել, ինչ-որ պրոցեդուրայից հետո մարդուն ազատ է արձակել։ Որից հետո հիմա մենք փորձում ենք պարզել իր գտնվելու վայրը»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930