Մարաղայի հայերի դաժանագույն կոտորածի 32-րդ տարելիցին վերստին արձանագրում ենք, որ այդ և բազմաթիվ այլ միջազգային հանցագործությունների անպատժելիությունը սնել է ադրբեջանական հայատյացության համակարգը՝ հիմք ստեղծելով հայ ժողովրդի հանդեպ նորանոր հանցագործությունների և Արցախի ժողովրդի ամբողջական ցեղասպանության համար:
1992 թ. ապրիլի 10-ին, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներն Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրականացրեցին հայ բնակչության կոտորած։
Ապրիլի 10-ի լուսադեմին ադրբեջանական ստորաբաժանումները հարձակվեցին Մարաղա գյուղի վրա՝ առանձնակի դաժանությամբ կոտորելով խաղաղ բնակիչներին և ավերելով գյուղը։ Կոտորածի հետևանքով ավելի քան հիսուն քաղաքացիական անձ է զոհվել, տասնինն առ այսօր անհետ կորած է, ևս մի քանի տասնյակը գերեվարվել է և ենթարկվել բազմաթիվ կտտանքների:
Մարաղայի կոտորածը հայերի նկատմամբ էթնիկ ատելության ու ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության հերթական դրսևորումն է։ Հատկանշական է, որ այդ հանցագործությունն իրագործած հրամանատարներից Շահին Թաղիևն արժանացել է «ազգային հերոսի» կոչման, ինչը լրացուցիչ կերպով ապացուցում է ադրբեջանական հայատյացության քաղաքականության համակարգային բնույթը:
Կարդացեք նաև
Միջազգային անպատժելիության և խրախուսանքի պայմաններում այդ քաղաքականության դրսևորման գլխավոր օրինակները դարձան 2020թ. և 2023թ. թուրք-ադրբեջանական ագրեսիաներն ու բռնի տեղահանումները, որոնց միջոցով ալիևյան ցեղասպանական ու բռնապետական ռեժիմն ավարտին հասցրեց Արցախի ժողովրդի ամբողջական ցեղասպանությունն ու հայրենազրկումը:
Նման հանցագործությունները չեն կարող անտեսվել ու մոռացվել ժամանակի ընթացքում, և վաղ թե ուշ հանցագործները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Ավելին, Արցախի ժողովրդի հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձն իր Հայրենիք անհրաժեշտ պայման է ողջ տարածաշրջանում արդարություն և կայուն խաղաղություն ապահովելու համար:
Ակնկալում ենք, որ այդ բոլոր շղթայական հանցագործությունները պետք է քննության առարկա դառնան տարածաշրջանում խաղաղության ձգտող միջազգային հանրության կողմից՝ միևնույն ժամանակ ապահովելով Ադրբեջանում հայատյացության համակարգի ոչնչացումը: Իսկ Հայաստանի Հանրապետությունը պետք է այդ հարցերը դնի բանակցային սեղանին և ձգտի միջազգային արդարության: Այլապես, հայ ժողովուրդը կանգնելու է նորանոր ողբերգությունների առջև
«Արցախ» միության առաքելությունն է Հայաստանում և ամբողջ աշխարհում պաշտպանել Արցախի բռնի տեղահանված ժողովրդի հավաքական շահերը, իրավունքներն ու արժանապատվությունը, հետամուտ լինել նրա հանդեպ միջազգային արդարությանը և ի վերջո նպաստել նախնյաց Հայրենիք նրա հավաքական վերադարձին՝ այնտեղ ինքնորոշված, խաղաղ, արդար, արժանապատիվ ու անվտանգ կյանքի համար՝ զերծ նոր ցեղասպանության վտանգից։
Արցախ միությանը անդամագրվելու, աջակցելու և նորություններին բաժանորդագրվելու համար կարող եք այցելել նրա պաշտոնական կայք՝ https://artsakhunion.org
«Արցախ» միություն