Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ռուսական կողմի հետ չի եղել կոնսենսուս, որի հետեւանքով Հայաստանում Սոլովյովի հաղորդումները եթերազրկվել են»․ Մխիթար Հայրապետյան

Ապրիլ 10,2024 17:04

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը հարցրեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանին, թե ինչո՞վ է պայմանավորված ռուսական «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» եւ «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի մոտ» հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում արգելափակելը։ 

Մխիթար Հայրապետյանն հիշեցրեց, որ շուրջ երկու շաբաթ առաջ հայտարարվեց, որ վերոնշյալ լրագրողի մասնակցությամբ հեղինակային հաղորդումների հեռարձակումը արգելափակվում է։ «Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ամիսներ շարունակ Հայաստանի կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ տեղի էին ունենում շփումներ, կոնսուլտացիաներ միջկառավարական համաձայնագրի վերաբերյալ։ Կոնսուլտացիաների նպատակն է նախ արձանագրել, որ համաձայնագրի 5-րդ եւ 6-րդ հոդվածները խախտվել են։

ԲՏԱ նախարարության պատվիրակությունը մեկնել է Մոսկվա՝ կոնսուլտացիաների, այդ կոնսուլտացիաները կայացել են, եւ ես ցավով պետք է ասեմ, որ չի հաջողվել արձանագրել խախտումների փաստը։ Համենայնդեպս դրա վերաբերյալ չի եղել կոնսենսուս, որի հետեւանքն է Հայաստանում վերանշյալ հաղորդումների եթերազրկում։

Սա ամենեւին չի նշանակում, որ մենք այդ բանակցություններում փակուղու մեջ ենք, առաջիկայում նախատեսում ենք առաջարկների մեր փաթեթն ուղարկել ռուս գործընկերներին, առ այն, թե ինչպես ենք պատկերացնում համաձայնագրի նոր խմբագրումները։ Մենք շատ կառուցողական ենք տրամադրված, որովհետեւ ոչ թե մեր նպատակն է այս իրավիճակի սրումը, այլ ընդհակառակը, կառուցողական միջավայրում որակյալ առողջ բանավեճի արդյունքում ստանալ այնպիսի փաստաթուղթ, որը կաշխատի, որտեղ ամրագրված խախտումների դեպքում կհետեւեն սանկցիաներ։ Այսօրվա գործող կարգավորումները նման հնարավորություն չեն տալիս, մինչդեռ հանրային մուլտիպլեքսում գործող հայկական հեռուստաալիքները գործում են խաղի այդ կանոններով։ Մեր նպատակն է վերախմբագրել այդ համաձայնագիրը, որը նման խախտումների հայտնաբերման պարագայում ՀՌՀ հանձնաժողովին հնարավորություն կտա իրականացնել մոնիթորինգ, խախտումներ հայտնաբերելու դեպքում կիրառել վարչական վարույթ՝ սանկցիաներ։

Ինչո՞ւ են վերոնշյալ հաղորդումները եթերազրկվել, որովհետեւ պարզապես վերջին ամիսների ընթացքում ամենամեծ թվով խախտումներն արձանագրված են եղել հենց այս հաղորդումների եթերի ժամանակ»,- ասաց Մխիթար Հայրապետյանը։

Նախարարը հավելեց, որ հայկական պատվիրակության հիմնական փաստարկներից մեկը եղել է այն, որ ՀՀ ժողովրդի հույզերը եւ արժանապատվությունը վիրավորող բովանդակությամբ հեռուստահաղորդումները կարող են նաեւ հակառուսական ալիքների բարձրացման պատճառ դառնալ։ «Եվ մենք շահագրգռված ենք, որպեսզի կազմակերպենք մեր աշխատանքն այնպես, որ նմանօրինակ բովանդակությունը, որը կարող է նման հետեւանքների բերել, կանխվի»,- հավելեց Հայրապետյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930