Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հանդիսավոր միջոցառմամբ ամփոփվել է «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ծրագիրը:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրողներ, մանկագիրներ`Անուշ Վարդանյանը, Սաթենիկ Ղազարյանը, Օլգա Դարյանը, Ալվարդ Հովսեփյանը և Տիգրան Նիկողոսյանը:
Ամեն տարի անցկացվող այս միջոցառման նպատակն է մեծացնել մանուկների ու պատանիների հետաքրքրությունը գրքի ու գրականության նկատմամբ, ծանոթացնել ժամանակակից հայ գրողներին և նրանց ստեղծագործություններին:
Միջոցառումը մեկնարկել է տարբեր տարիներին գրադարանում կազմակերպած «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ծրագրի մասին պատմող տեսանյութի ցուցադրությամբ: Այնուհետև Երևանի թիվ 141, թիվ 79 դպրոցների, Եղեգնուտ ու Նորաբաց գյուղերի դպրոցների սաները մանկագիրներին ողջունել են և ընթերցել հատվածներ նրանց ստեղծագործություններից:
Կարդացեք նաև
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հանդիպման ընթացքում երեխաների հետ խոսել է ժամանակակից հայ գրականության, ընթերցանության նշանակության և այդ ճանապարհին գրական բացահայտումներ անելու կարևորության մասին:
Միջոցառմանը ներկա մյուս գրողները ևս երեխաներին իրենց ուղերձներն են ուղղել` լավ սովորել, գրքեր ընթերցել, այդ ճանապարհին բացահայտումներ անել և գտնել տարբեր հարցերի պատասխաններն ու բանալիները գրքերի միջոցով: Նրանք բոլորը միակարծիք են`գիրքը մարդու լավագույն բարեկամն է:
Նշենք, որ գրական շաբաթի բացումը տեղի է ունեցել Ծաղկաձոր քաղաքում: Այնուհետև, Հայաստանի գրողների միության աջակցությամբ գրքերի քննարկումներ, հեքիաթապատումներ ու երաժշտական ցերեկույթներ են կազմակերպվել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում և հանրապետության ողջ տարածքում:
ԽՆԿՈ ԱՊՈՐ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ