Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկի սերմերի» կրթամրցանակի առաջին մրցանակակիրներն անդրադարձել են Վայոց ձորի մոռացված գյուղերին․ Դավիթ Պետրոսյան

Ապրիլ 10,2024 16:36

ԵՊՀ-ում հերթական անգամ հանձնվեցին Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, գրող-հրապարակախոս Վաչագան Մանուկյանի հիշատակին նվիրված «Ոսկի սերմեր» կրթամրցանակները։

Հաղթողներն ընտրվում են նախապես անցկացված մրցույթով, որն իրականացվում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի եւ «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ։ Մրցանակաբաշխության կարգախոսն է՝ «Մեզ թաղեցին, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»։

Դավիթ Պետրոսյան

Ժյուրիի նախագահ, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ մրցույթի շրջանակում ուսանողները ներկայացնում են իրենց ստեղծագործությունները, տարբեր ոլորտներ են ընդգրկվում, կարեւոր հարցեր բարձրաձայնում։ «Ուսանողները ներկայացնում են տարբեր հրապարակումներ, խոսում հանրությանը հուզող խնդիրներից, անդրադառնում Արցախի թեմային, գրում ազատամարտիկների մասին ակնարկներ։ Մի խոսքով, մեր ուսանողները բավականին հետաքրքրված են ու սիրով մասնակցում են։

Ստեղծվում է հանձնաժողով, որը կարդում է նրանց պատրաստած նյութերը, քննարկում, ի վերջո միավորներ են նշանակվում, որոնց հիման վրա պարզ են դառնում առաջին, երկրորդ, երրորդ մրցանակակիրները»,-նշեց Դավիթ Պետրոսյանը՝ հավելելով, որ հաղթողները պարգեւատրվում են նաեւ դրամական պարգեւներով։

Ժյուրիի նախագահը հայտնեց, որ այս տարի մրցույթին մասնակցելու համար դիմել էր 13 ուսանող, առաջին մրցանակին արժանացել են Ժաննա Բեքիրյանը, Արեն Նազարյանը եւ Անուշ Մկրտչյանը՝ «Վայոց ձորի մոռացված գյուղերի անորոշ ապագան» նյութի համար: Երկրորդ մրցանակակիրներն են ՝ Քնարիկ Վարդանյանն ու Էդուարդ Պողոսյանը, իսկ երրորդ մրցանակին են արժանացել Գայանե Ասոյանը եւ Միքայել Սարգսյանը:

«Մրցանակաբաշխության խորհուրդները շատ են, բայց ես դրանցից հատկապես երկուսը կառանձնացնեմ։ Դրանցից առաջինն այն է, որ մրցանակաբաշխությունը հնարավորություն է տալիս չմոռանալ մեր հերոսներին, ամեն տարի ուսանողներին ներկայացնելու նրանց հետ կապված որոշ դրվագներ, օրինակ, Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը ուսանողներին գրքեր է նվիրում, ինչը առիթ է դառնում հերոսներին եւս մեկ անգամ հիշելու։ Նախ սրանով է, որ հերոսները պետք է շարունակեն ապրել մեր մեջ, հակառակ դեպքում մանկուրտությունը պարզապես կործանում է։

Երկրորդ խորհուրդն էլ այն է, որ մրցույթը ուսանողներին մոտիվացնելու շատ լավ հնարավորություն է։ Այսինքն՝ մեր ուսանողների համար սա մի դեպքում բարոյական բարձր նշաձողով մրցույթ է, եւ երկրորդ՝ իրենք հաճույքով մասնակցում են, մոտիվացվում, իրենց ուժերն են փորձարկում»,-ընդգծեց Դավիթ Պետրոսյանը։

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930