Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց իր այն հայտարարության մասին, որ Տավուշից սահմանազատումը սկսելը չի երաշխավորում, որ Հայաստանի վրա հարձակում չի լինի։
Հարցին, թե անվտանգության ի՞նչ երաշխիքներ է տալիս ինքը հայ ժողովրդին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է այն ժամանակ, երբ ԽՍՀՄ եւ Գերմանիայի միջեւ կնքվել էր խաղաղության պայմանագիր՝ իր երաշխիքներով։ Այսինքն՝ երբ ես ասում եմ՝ երաշխիքներ չկան, ես նկատի ունեմ, որ երաշխիքն այն է, որ բացառում է, վերջ, չկա ուրիշ տարբերակ։ Այդպիսի երաշխիք մարդկության պատմության մեջ ոչ եղել է, ոչ կա, ոչ էլ երբեւէ կլինի։ Ես ասում եմ՝ մենք ի՞նչ քայլեր պետք է անենք, որպեսզի կառուցենք երաշխիքների մեր համակարգը։ Ոսկեպար գյուղի բնակիչներից որեւէ մեկին երբեւէ ես չեմ ասել, չեմ կարող ասել, իրավունք չունեմ ասել եւ լեզուս չի պտտվի ասել, որ մենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որեւէ հատված պետք է տանք որեւէ մեկին։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի տարածքի փոփոխության վերաբերյալ կարող է որոշում կայացնել միայն ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով»։
Փաշինյանն անդրադարձավ հարցին, որ եթե Ադրբեջանի հետ համաձայնեցված չէ, թե որ թվականի քարտեզով են իրականացնելու սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները, հայկական կողմն ինչո՞ւ է համաձայնում Տավուշից տարածքներ տալ։ «Դա բացարձակապես սուտ է, հերյուրանք է եւ զրպարտանք, որ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի թեկուզ մեկ միլիմետր տարածք վիճարկման ներքո է։ Դա սուտ է, այդպիսի բան լինել չի կարող։ Դա քաղաքական միավորներ հավաքելու նպատակով որոշ ապապետական ուժերի կողմից վճարովի ձեւով տարածվող սուտ է»։
Նիկոլ Փաշինյանը վրդովվեց լրագրողների հարցերից․ «Էտ որ ուրիշներն ասում են, դուք լսում եք, դուք գիտե՞ք՝ Լոռին որտե՞ղ է, Տավուշը որտե՞ղ է։ Դուք բոլոր հարցերի պատասխանները գիտեք, ինչո՞ւ եք ինձ հարց տալիս։ Վերջին անգամ ե՞րբ եք եղել Բերքաբերում։ Կապանում սահմանը մի քանի մետրի վրա է, մենք խոսում ենք անվտանգության մասին։ Մի քանի մետրի վրա եղել է եւ կա Այգեհովիտ գյուղը, եղել է եւ կա Բերքաբեր գյուղը, Այգեպար գյուղը, Տավուշի մարզն ամբողջը մի քանի մետրի վրա է։ Երեսուն տարի ո՞նց է մի քանի մետրի վրա։ Մենք խոսում ենք անվտանգային համակարգ կառուցելու մասին, մենք խոսում ենք պետական սահման ստեղծելու մասին։ Բայց մինչեւ մենք քարտեզը չհամաձայնեցնենք, մինչեւ քարտեզի շուրջ համաձայնություն չլինի, թե այս հատվածում ոնց ենք իրականացնում, պրոցես չի կարող տեղի ունենալ»։
Կարդացեք նաև
Հարցին, եթե քարտեզների շուրջ չկա համաձայնություն, ինչպե՞ս են որոշել, որ Տավուշի մարզում չորս բնակավայրերը պետք է հանձնել, Փաշինյանը պատասխանեց․ «Խորհրդային Հայաստանի եւ Հայաստանի Հանրապետության տարածքում երբեք Բաղանիս-Այրում անունով գյուղ չի եղել։ Ներքին Ոսկեպար անունով գյուղ չի եղել։ ՀՀ տարածքում եղել է, կա եւ կլինի Ոսկեպար անունով գյուղ, ՀՀ տարածքում եղել է, կա եւ կլինի Բաղանիս անունով գյուղ։
Իրավաքաղաքական սկզբունքը Ալմա-Աթայի հռչակագիրն է, որով հայկական ԽՍՀ-ն դարձել է Հայաստանի Հանրապետություն, ադրբեջանական ԽՍՀ-ն դարձել է Ադրբեջանի Հանրապետություն։ Սահմանագծման քաղաքական հիմքը Ալմա-Աթայի հռչակագիրն է, որով նախկին ադմինիստրատիվ սահմանները վերածվել են պետական սահմանների։
Սա նշանակում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր սահման չպետք է ստեղծվի, պետք է արտահայտվի սահմանը։ Հիմա այս քաղաքական հայեցակարգի ներքո պետք է գնալ եւ տեղում համաձայնեցնել դե յուրե իրավական նշանակություն ունեցող քարտեզները»։
Փաշինյանը հավելեց, որ ինքը գիտի, թե որտեղով է անցնում Հայաստանի սահմանը։ «Եվ դա ինչի՞ արդյունք է, որ մենք գնացել ենք ձեր ասած, մյուսների ասած բոլոր իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերը դուրս ենք բերել եւ դե յուրե սահմանը արտահայտել ենք մեր քարտեզի վրա։ Եվ մենք հիմա Ադրբեջանի հետ պետք է փորձենք տեսնել՝ այդ քարտեզները համընկնո՞ւմ են, թե՞ չեն համընկնում։
Բայց ես ձեզ մի գաղտնիք ասեմ՝ դե յուրե նշանակություն ունեցող քարտեզները չեն կարող չհամընկնել, որովհետեւ խորհրդային ժամանակ եւս դա երկկողմանի աշխատանքով է եղել։ Հիմա մեր մարտավարությունն այն է, որ գնում ենք, այդ քարտեզները վերցնում ու տանում դնում ենք գետնի վրա։
Այդ որ ժամանակին ասում էին՝ GPS, GPS-ով որոշվում են քարտեզի վրա եղած կոորդինատները, դա մասնագետները կարող են անել միայն։ Եվ մենք պատրաստ ենք գնալ այդ գործընթացին եւ դեմ չենք այս գործընթացը սկսել Տավուշի մարզի Բաղանիս, Ղազախի շրջանի Բաղանիս-Այրում, Տավուշի մարզի Ոսկեպար, Ղազախի շրջանի Աշաղը Ասքիպարա, Տավուշի մարզի Կիրանց, Ղազախի շրջանի Խեյրիմլի, Տավուշի մարզի Բերքաբեր, Ղազախի շրջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի հատվածում՝ կամ ամբողջական, կամ հատվածական։ Ինչո՞ւ ամբողջական կամ հատվածական, որովհետեւ այնտեղ կան լրացուցիչ խնդիրներ, որոնք Ադրբեջանն էլ ունի, մենք էլ ունենք, ենթակառուցվածքներ եւ այլն»,- ասաց նա։
Փաշինյանը հարցադրում արեց՝ մենք ստանո՞ւմ ենք որեւէ բան այս գործընթացում․ «Այո, մենք ստանում ենք շատ կարեւոր բան՝ մենք ստանում ենք դելիմիտացված սահման։ Ցավոք, ամբողջ սահմանը միանգամից, մեկ օրում, մեկ ամսում, նույնիսկ երեք ամսում չենք կարող անել, որեւէ տեղից պետք է սկսել։ Մենք տարածաշրջանում կայունությունը պահպանելու նկատառումով ենք նաեւ դա արել»
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ