Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմեն Աշոտյանի եւ մյուսների» գործով պետությանը վնաս չի պատճառվել․ Վահե Դոլմազյանը մերժեց դատախազության հայցը

Ապրիլ 10,2024 15:50

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստն այսօր չսկսված՝ ընդմիջվեց եւ վերսկսվեց մոտ մեկ ժամ անց։ Նիստին ներկա չէր մեղադրյալ Արմեն Աշոտյանը։ Չէին ներկայացել նաեւ մեղադրյալ Մարթա Սիմոնյանը, նրա պաշտպան Էմին Բեգլարյանը եւ այլք։

Մոտ մեկ ժամ անց դատավարության մասնակիցները ներկայացան։ Արմեն Աշոտյանին դահլիճում դիմավորեցին՝ «Աշոտյան, քաղբանտարկյալ» վանկարկումներով։

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով նիստը:

Այսօր պետք է քննարկվի Արմեն Աշոտյանի խափանման միջոցի հարցը։ Նա արդեն տասն ամիս կալանավորված է։ Հերթական կալանքի ժամկետը լրանում է մոտ օրերս։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներով Արմեն Աշոտյանի գործով Հակակոռուպցիոն դատարանին երաշխավորություն են ներկայացրել, որով պարտավորություն՝ են ստանձնում՝ ապահովելու Աշոտյանի դատավարական պարտավորությունների պատշաճ կատարումը։

Մինչ այդ շարունակվեց գույքային պատասխանող ճանաչելու հարցի քննարկումը, որը կիսատ էր մնացել նախորդ նիստում, դատարանը հայցադիմումը վերադարձրել էր։ Արմեն Աշոտյանի պաշտպաններ Տիգրան Աթանեսյանը եւ Ռուբեն Մելքոնյանն առաջարկեցին այդ հարցի քննարկումը թողնել հաջորդ նիստին՝ առավել ազատ ռեժիմում այն քննարկելու համար։ Սակայն դատավորն անդրդվելի մնաց։

Մեղադրող դատախազը նախ ներկայացրեց գույքային պատասխանող ճանաչելու հայցի իրավական դրույթների փոփոխությունը, ապա պահանջեց՝ գույքային վնասի փոխհատուցման քաղաքացիական հայցի շրջանակներում,

մեղադրյալներ Արմեն Աշոտյանից, Մարթա Սիմոնյանից, Լարիսա Բարսեղյանից, Միքայել Նարիմանյանից բռնագանձել հօգուտ պետության՝ մոտ 905 միլիոն դրամ։

Արմեն Աշոտյանից, Միքայել Նարիմանյանից եւ Լարիսա Բարսեղյանից՝ մոտ 39 միլիոն դրամ։ Միքայել Նարիմանյանից, Մարթա Սիմոնյանից եւ Լարիսա Բարսեղյանից՝ մոտ 79 միլիոն դրամ։

Միքայել Նարիմանյանից եւ Լարիսա Բարսեղյանից՝ մոտ 789 միլիոն դրամ։

Մարթա Սիմոնյանին, Միքայել Նարիմանյանին եւ Լարիսա Բարսեղյանին պատկանող անշարժ գույքերը եւ դրամական միջոցների վրա արգելանք է դրվել։ Որպես հայցի ապահովման միջոց, դատախազը միջնորդեց նաեւ Արմեն Աշոտյանի գույքի եւ դրամական միջոցների վրա մոտ 39 միլիոն դրամի չափով արգելանք կիրառել։

Մանրամասները՝ տեսանյութում

Դատարանը հայցը մերժեց՝ գտնելով, որ տվյալ դեպքում պետությանը վնաս չի պատճառվել, քանի որ ԵՊԲՀ-ն ունի, որպես սեփականություն, առանձնացված գույք, այն օգտագործում է օրենքով եւ իր կանոնադրությամբ սահմանված կարգով, ուստի դատախազությունը չի կարող գույքային հայց ներկայացնել։ Պետության կողմից բուհ-ի հիմնադիր լինելն, ըստ Վահե Դոլմազյանի, պետությանը նման իրավունք չի տալիս։ Սույն գործով, ըստ դատավորի, ենթադրյալ վնասը պատճառվել է «Մխիթար Հերացի» արհեստակցական միությանը, մինչդեռ միության լիազոր ներկայացուցիչը, մասնավոր անձին պատճառված վնասի փոխհատուցման հայց դեռ չի ներկայացրել դատարան։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930