Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք մի վախեցեք այն թուրքից, որը գալու է` իր անունով անշարժ գույք ձեռք բերի Հայաստանում, վախեցեք այն հայից, ով թուրքի փողով է այդ անշարժ գույքը ձեռք բերում»․ Արայիկ Գոջաբաշյան

Ապրիլ 10,2024 15:42

Այս տարվա փետրվարին անշարժ գույքի առուվաճառքի գործարքի  կողմ են հանդիսացել ընդամենը 132 օտարերկրացիներ,  որոնք ձեռք են բերել հիմնականում բնակարաններ, ազգությամբ թուրք կամ ադրբեջանցի չի եղել։ Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց Կադաստրի կոմիտե շուկայի վերլուծության բաժնի պետ Աննա Նազարյանը՝ ի պատասխան հարցի՝ քանի օտարերկրացի է ՀՀ-ում բնակարան ձեռք բերել, եւ նրանցից քանիսն են ազգությամբ թուրք կամ ադրբեջանցի։

Աննա Նազարյան

Օտարերկրացիների մեծ մասը, ինչպես վստահեցրեց Նազարյանը, եղել են ՌԴ, ԱՄՆ, եվրոպական երկրների քաղաքացիներ, ինչպես նաեւ՝ Իրանի․ «Թվերն այնքան փոքր են, որ որեւէ մտավախություն չկա։  Թուրքիայի քաղաքացիները ազգությամբ հայեր են եղել, եւ վերջին երեք տարում նրանց թիվն այնքան փոքր է եղել, որ կարծում եմ անվտանգային խնդիր չի առաջացնի»։

Արայիկ Գոջաբաշյան

Ասուլիսի մեկ այլ մասնակից «ԱՐ-ԳՈ Ռիելթի» ընկերության հիմնադիր Արայիկ Գոջաբաշյանն էլ միջամտեց․ «Դուք մի վախեցեք այն թուրքից, որը գալու է` իր անունով անշարժ գույք ձեռք բերի Հայաստանում, դուք վախեցեք այն հայից, ով թուրքի փողով է այդ անշարժ գույքը ձեռք բերում։ Թուրքեր մեզ մոտ էլ չեն գալիս, բայց հայերից քանիսն են  թուրքի փողով տուն առնում, չենք կարող ասել։ Տենց համատարած թուրքերը սպասում էին՝ երբ գան այստեղ անշարժ գույք առնե՞ն»։

Արմեն Սաքապետոյան

Ասուլիսի մյուս մասնակիցը՝ «1SQ GROUP» ընկերության հիմնադիր Արմեն Սաքապետոյանն էլ հավելեց՝ մենք պետք է մտահոգվենք, որ ՀՀ-ում ոչ ռեզիդենտները անշարժ գույք ձեռք չեն բերում, որովհետեւ Հայաստանը գրավիչ չէ։

«Անշարժ գույք ունենալը չի կարող սպառնալիք լինել ազգային անվտանգությանը՝ եթե ընդհանուր իրավական միջավայրը չի տալիս հնարավորություն այդ մարդկանց մասնակցելու ներքին, քաղաքական կյանքին՝ ընտրություններ եւ այլն։ Արաբական Միացյալ Էմիրություններում կա 2  միլիոն քաղաքացի  եւ 8 միլիոն նորեկներ կան, որոնցից 5 միլիոնն ունի անշարժ գույք, ու երկրի տնտեսության շարժիչ ուժերից մեկը հենց անշարժ գույքի շուկան է։ Մենք պետք է ձգտենք նրան, որ մեր երկրում վստահության այնպիսի մակարդակ լինի, որ ցանկացած երկրի քաղաքացի, էական չէ ազգությունը, մաշկի գույնը, ձգտի Հայաստանում ունենալ անշարժ գույք»,-ասաց Սաքապետոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930