ԱԺ նիստում կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գրողների եւ Նկարիչների միությունների շենքերը պետականացնելու նախաձեռնությանը։
«Միանգամից ասեմ,որ հնարավոր չէ այդպիսի սցենար, որ նկարիչները զրկվեն իրենց տնից։ Բայց հնարավոր է այնպիսի սցենար, որ ոչ միայն Նկարիչների միությունը, այլեւ բոլոր նմանատիպ կազմակերպությունները զրկվեն կամայական ձեւով այդ շենքերը վաճառքի հանելու հնարավորությունից։
Այս պատմությունը ասեմ, թե որտեղից է ծագել, երբ շատ մեծ աղմուկ բարձրացավ, որ Սպարտակ մարզադաշտը վաճառվում է։ Ես հետաքրքրվեցի այդ հարցով եւ փորձեցի հասկանալ, թե ինչ պատմություն է։ Եվ պարզվեց, որ կոմերցիոն վաճառք է տեղի ունեցել, որովհետեւ տարածքը պատկանում է մարզական միություններից մեկին։ Եվ մենք իրավական վերլուծություն արեցինք, տեսանք, որ կա մեծ պրոբլեմ։
Ո՞րն է այդ պրոբլեմը, որ Խորհրդային միության ժամանակ մարզական եւ ստեղծագործական միությունների գույքն ավտոմատ կերպով համարվել է այդ միությունների սեփականությունը, մինչդեռ դա եղել է պետության սեփականությունը եւ առանց պատշաճ ընթացակարգերի եւ որոշումների փոխանցվել է պետությանը։ Եվ դա օրենքի կոպտագույն խախտում է, եւ մենք այսօր միանշանակ եւ աներկբա պետք է լուծենք այդ հարցը։
Կարդացեք նաև
Մարզական, ստեղծագործական միությունների տասնյակ գույքեր վաճառվել են, եւ ոչ ոք չգիտի՝ ինչպես են վաճառվել, հանրային վերահսկողության ոչ մի մեխանիզմ գոյություն չունի։ Եվ մենք այս խնդրը լուծելու ենք, որեւէ մեկի անմեղության կանխավարկածը չենք ուզում խախտել, բայց արդեն մի քանի դեպքեր ունենք»,- ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ օգտվելով առիթից՝ ուզում է նկարիչներին կոչ անել․ «Այսօր Հայաստանի Հանրապետությունում կառուցվում է 55 000 բնակարան։ Եվ ուզում եմ կոչ անել նկարիչներին, որ նրանք որոշակի ծրագրեր ունենան, որպեսզի այդ բնակարանների պատերին կախվեն հայաստանցի նկարիչների նկարներ։ Դա մի տարածք է, որտեղ մեր արվեստն ու մշակույթը կարող է զարգանալ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ