«Նիկոլ Փաշինյանին ես հարցեր չունեմ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի հետ ամեն ինչ պարզ է։ Ինձ մոտ հարցեր են առաջանում Իլհամ Ալիեւին․ օրինակ, Իլհամ Ալիեւը Ջեյհուն Բայրամովին, Զաքիր Հասանովին ինչի՞ է պահում, ինչի՞ է աշխատավարձ տալիս, այդ ամբողջ աշխատանքը Նիկոլ Փաշինյանն անում է»,- այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին։
Էդուարդ Շարմազանովը կրկնում է՝ Նիկոլ Փաշինյանն «Ադրբեջանի դեսպանի գործառույթ» է ստանձնել՝ գալով ՀՀ-ում իշխանության եւ անընդհատ կրկնում է, որ «Հայաստան պետք է չլինի», որ 30 տարի Ադրբեջանն ինչ արել է՝ ճիշտ է արել, իսկ Հայաստանը՝ սխալ։
«Վերջին 30 տարիների մեջ Նիկոլ Փաշինյանը միակ գործիչն է, ով իրական Հայաստանը դարձնում է պատմական»,- ասաց նա՝ հեգնելով, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»․ իրակա՞ն Հայաստանում էր ասում, թե՞ պատմական»։
Ինչո՞ւ այս ամենի հակազդեցությունը չի լինում՝ հարցին Էդուարդ Շարմազանովը պատասխանեց․ «Որովհետեւ չի լինում»։ Նա բոլոր ազգային ուժերին հորդորեց՝ միավորվել հանուն պետության, պետականություն ունենալու գաղափարի, մի կողմ դնել բոլոր տեսակի հավակնությունները․ «Եթե մեղավորներ եք ման գալիս, ամբողջն ինձ վրա դրեք, ասեք՝ Էդուարդ Շարմազանովն էր մեղավորը»։
Կարդացեք նաև
Էդուարդ Շարմազանովը նաեւ հարց է հնչեցնում․ «Հոկտեմբերի 27-ն էր մեր պետությանն ու պետականությանը մեծ հարվա՞ծ, թե՞ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը։ Եթե հոկտեմբերի 27-ը մեր պետականության լիդերների ֆիզիկական գնդակահարումն էր, Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը մեր պետականության բովանդակային, գաղափարական գնդակահարումն է»։
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ