ԱԺ նիստում կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին․ «Եթե դուք նստած լինեիք այս դահլիճում եւ այդպիսի մի ելույթ լսեիք, եւ ձեր առաջ լիներ այն կառավարության ծրագիրը, որը ներկայացնում եք դուք, այդ նախընտրական ծրագիրը, որով, ինչպես դուք եք անընդհատ վկայակոչում, ստացել եք ժողովրդի քվեն, ինչպե՞ս կգնահատեիք ձեզ։ Մի ելույթ, որը բացարձակ կապ չունի ծրագրով նախատեսված նպատակադրումների հետ, նախընտրական ծրագրով բերված խոստումների հետ եւ մի ելույթ, որը հերթական անգամ խեղաթյուրում էր իրականությունը՝ արհեստական խոչընդոտ ստեղծելով իրական, պատմական Հայաստան խոսույթի շրջանակներում»։
Արծվիկ Մինասյանը շարունակեց հարցադրումը․ «Դուք լավատեսական մղումով նշում եք, որ Ադրբեջանի նախագահը վերահաստատել է իր մտադրությունը կամ հանձնառությունը՝ ճանաչելու խորհրդային Հայաստանին տարածքները։ Այդ դեպքում հարց՝ ինչո՞ւ են ադրբեջանական զինված ուժերը շարունակում օկուպացված պահել Հայաստանի տարածքները, ինչո՞ւ է Ադրբեջանն անընդհատ կրակում, եթե ձեր ասած անձը վերահաստատել է դա։ Եվ ի՞նչ քայլեր եք իրականացրել դուք միջազգային մեխանիզմների գործադրմամբ, որպեսզի զսպվի Ադրբեջանի ագրեսիան։ ՄԱԿ-ի շրջանակներում, ՀԱՊԿ շրջանակներում ի՞նչ է արվել։ Ի վերջո, դուք եք պատասխանատու Հայաստանի տարածքային ամբողջականության համար»։
Արծվիկ Մինասյանն անդրադարձավ նաեւ Արցախի կառավարության եւ Ազգային ժողովի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին․ «Կարո՞ղ եք մատնանշել որեւէ երկիր, որտեղ արգելված կլինի վտարանդի կառավարության գործունեությունը»։
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց․ «Ես չգիտեմ ՀՀ Սահմանադրության եւ օրենքների որեւէ դրույթ, որը նախատեսում է Հայաստանում վտարանդի կառավարության կամ Ազգային ժողովի գործունեություն»։
Կարդացեք նաև
Հարցին, թե ի՞նչ միջազգային մեխանիզմներ է կիրառում Հայաստանը՝ զսպելու Ադրբեջանի ագրեսիան, Փաշինյանը հետեւյալ պատասխանը տվեց․ «Մենք միջազգային մեխանիզմները գործարկելու բոլոր անհրաժեշտ միջոցներն իրականացրել ենք, այդ թվում, ՀԱՊԿ-ի, բայց չի գործարկվել։ Մենք ասում ենք, որ եթե խնդիր ունենք անվտանգային ոլորտում, ՀԱՊԿ-ը պետք է գա, մեր կողքին կանգնի եւ մեզ հետ համատեղ այդ խնդիրը լուծի։ Ինքն ասում է՝ մենք առաջարկում ենք, որ խաղաղապահներ գնան։ Ի՞նչ խաղաղապահ, որտե՞ղ գնա խաղաղապահ»։
Արծվիկ Մինասյանը կրկնեց՝ կառավարության ծրագրում այլ բան է գրվել, իսկ Նիկոլ Փաշինյանի այսօրվա զեկույցը այլ հետեւանքների ու նպատակների մասին է․ «Հաճախ՝ ուղիղ հակառակն եք իրականացնում։ Խոսում էիք Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության մասին, անվտանգության ապահովման մասին, հիմա այլ հետեւանքների մասին եք խոսում։ Եվ դրա՝ որպես ժողովրդավարության բաստիոն հռչակած երկրի լուծումը ո՞րն է՝ հրաժարական, հեռացում, ընտրություններ, նոր կառավարություն։ Եթե ծրագիրը փոխվել է, ծրագրում ամրագրված մոտեցումները չկան, չի կարող այդպիսի կառավարությունը լինել լեգիտիմ։ Դուք ինձանից լավ գիտեք այդ մասին, բայց ձեր՝ իշխանությունը պահելու ձգտումը թույլ չի տալիս, որպեսզի այս քայլին գնաք»։
Մինասյանը նաեւ հարցրեց․ «Հայաստանի ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող այսօրվա տարածքները, որոնք ադրբեջանական անվանումներով եք անվանում, այդ տարածքներում այսօր գործո՞ւմ է ՀՀ օրենքը։ Եվ եթե գործում է, ապա վաղը, եթե հանկարծ նման իրավիճակ է առաջանում, պահանջվելո՞ւ է հանրաքվեով հարցի լուծում, թե՞ ոչ»։ Նիկոլ Փաշինյանն այս հարցին չպատասխանեց։
Փաշինյանը միայն արձագանքեց․ «Առնվազն մի քանի տարի չեք արձագանքում իմ այս ասածին։ Միջազգային հանրությունն ասել է՝ շատ լավ, ժողովուրդ ջան, ԼՂ հայերի ինքնորոշման իրավունքը պետք է պաշտպանվի։ Եվ Լեռնային Ղարաբաղը պետք է Ադրբեջանի կազմում ունենա ինքնավար կարգավիճակ։ Սա է ամբողջ պրոբլեմը, եւ միայն 1996-1998 թվականների պրոցեսներով Հայաստանում իշխանությունը զավթելու եւ պահելու համար սա ներկայացվել է այլ լույսի ներքո։
Պարոն Օհանյան, ինչո՞ւ չեք գնում, այդ թղթերը բերում։ Կամ գուցե ես կբերեմ հաջորդ անգամ։
Ինչ վերաբերում է հրաժարականին, պարոն Մինասյան, ես էլի եմ ասում՝ ես երկու անգամ արդեն հրաժարական եմ տվել։
Այո, ճիշտ եք ասում, այդ ծրագրում գրված է եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունք, ես եկել եմ, ասել եմ՝ ժողովուրդ, ԼՂ ինքնորոշման իրավունքը եկեք առերեսվենք, որ այն չի, ինչ մենք նկատի ենք ունեցել։ Նրանք, ովքեր ստեղծել են ինքնորոշում բառն ու եզրույթը, ասում են՝ հարգելի հայաստանցիներ, այո, ԼՂ ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, եւ դա պետք է արտահայտվի Ադրբեջանի կազմում ինքնավարություն ունենալով։ Երբ ես եկել ու ասել եմ, որ պետք է նշաձողն իջեցնել, ես 2021 թվականի այդ նախընտրական ծրագրի հետեւից եմ գնացել։
Եվ գիտե՞ք ինչու է Լեռնային Ղարաբաղը հայաթափվել, որովհետեւ մենք բոլորս չենք առնչվել այս պարզ իրողության հետ։ Այդ ինքնորոշումն ո՞վ պետք է տար, միջազգային հանրությունը։ Միջազգային հանրությունը ինձ ասել է, բոլորիս ասել է՝ հարգելիներս դուք այս գրածը կարդացեք, ձեր քաղաքականությունը կառուցեք ըստ այդմ, որ դուք հասկանալի լինեք աշխարհին, որովհետեւ ոչ ոք չի հասկանում՝ դուք ինչ եք ասում։ Եվ ԵԱՀԿ փաստաթղթում արձանագրվել է, որ մեկ երկիր կա, որը չի կիսում այս տեսակետը»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ