Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա 12-րդ դարը չի, որ 50 մետրի տարբերությունը բան որոշի, որովհետեւ նիզակը կարող է 50 մետր էս կողմ ընկնի, կամ էն կողմ». Փաշինյանի պատասխանը՝ ոսկեպարցիներին

Ապրիլ 10,2024 12:46

Այսօր ԱԺ նիստում կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ երբ այցելեցիք Ոսկեպար ու Կիրանց՝ ներկայացնելու ձեր պատկերացումը սահմանազատման մասին, դրանից հետո այդ գյուղերի բնակիչները մինչեւ հիմա զարմացած են, թե ի՞նչ էր եկել մեզ ասելու Փաշինյանը. «Հիմա ես ուզում եմ, որ այս ամբիոնից այդ մարդկանց, որոնք 34 տարի ապրել ու արարել են սահմանագծում՝ դառնալով մեր վահանը, ասեք ձեր ասելիքը: Դուք այստեղ ասացիք՝ չի երաշխավորվում անվտանգությունը, բարեկեցությունը, զարգացումը, պատերազմի կանխումը եւ այլն: Բնական հարց է առաջանում՝ բա եթե չի երաշխավորվում, ավելի լավ չի՞ կռիվը սկսենք 2 կմ-ից, քան 200 մետրից: Պատասխանեք ոսկեպարցուն, կիրանցեցուն՝ ի՞նչ է տալու սահմանազատումը, սահմանագծումը Հայաստանին ու ՀՀ 4 բնակավայրերին»:

Փաշինյանը պատասխանեց, որ ճանապարհ կա անցնելու մինչեւ երաշխավորվի անվտանգությունը. «Դա միայն Ոսկեպարի ու Կիրանցի հարցը չի, ՀՀ-ի հարցն է: Կա աշխատանք անելու ու այդ աշխատանքը մենք պիտի անենք: Մեր պրոբլեմների լուծման ամբողջ բանաձեւը եղել է հետեւյալը՝ բա Արեւմուտքում ինչ են ասում, բա Հյուսիսում ինչ են ասում: Մենք չենք լուծել մեր խնդիրը, եկեք սա արձանագրենք: Կիրանցը եւ Ոսկեպարը սահմանին չեն, շփման գծում են, տերմիններն էլ պետք է ճիշտն ասենք:

Ադրբեջանը ինչքան է մոտ Կիրանցին՝ սա հարց է, բայց կներեք, սա 12-րդ դարը չի, որ 50 մետրի տարբերությունը բան որոշի, որովհետեւ նիզակը կարող է 50 մետր էս կողմ ընկնի, կամ էն կողմ: Իրականում այսօր ժամանակակից զենքերով տասնյակ կիլոմետրերի վրա թիրախ խոցելու խնդիր չկա:

Երբ մենք ասում ենք Կիրանց, Ոսկեպար, Կիզիլ Հաջիլի եւ այլն, ՀՀ բնակչության մեծ մասը լավ չի պատկերացնում դա ի՞նչ տեղանք է: Տավուշի մարզի գյուղեր կան, Ադրբեջանն այդ բնակավայրերից մետրերի վրա է, Երասխում բնակավայրեր կան՝ մետրերի վրա է Ադրբեջանը: Ոսկեպարում հատված կա՝ 100-200 մետրի մասին է խոսքը: Ես չեմ ասում 50 մետրի ու 100 մետրի մեջ չկա տարբերություն: Նախ, այդ հեռավորությունը պրոբլեմ չի լուծում այսօր: Ո՞նց լուծենք էդ պրոբլեմը՝ սահմանով: Դա է պատկերացումը: Ես ասել եմ՝ եթե զարգացում լինի, որեւէ պայմանավորվածություն, որի իրականացման հավանականությունը 50-60%-ից բարձր կլինի, ես վերադառնալու եմ այնտեղ ու տեղում պրակտիկ հարցերի պատասխանելու եմ»:

Պատգամավորն ասաց, որ իրականում խնդիրն այն չէ, որ «50 մետրից կխփեն, թե 100 մետրից, խնդիրն այն է, որ եթե մի օր հասնենք նրան, որ սահմանազատումը լինի ու տեղում գծերը քաշվեն, իրականում ոչ Կիրանցի, ոչ Բաղանիսի, ոչ Ոսկեպարի համար հարմար կլինի ապրելը, ոչ էլ Աշաղի Ասկիպարայի, Կըզըլ Հաջիլիի: Եթե խնդիր է դրված շփման գիծը վերածել պետական սահմանի, դա պետք է արվի այնպես, որ հետագայում այդ մարդկանց ապրելու համար հարմար լինի: Խեյրիմլի գյուղի բնակիչը, որ ուզենա գնա Ղազախ, 3 անգամ պետք է ՀՀ սահմանը հատի, որ նոր հասնի Ղազախ: Բնակիչներն ասում են՝ խնդրում ենք փոխանցել, որ այդ սահմանազատում ու սահմանագծումն արվի այնպես, որ ապրելու համար ստեղծվեն նորմալ պայմաններ»:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ եթե երկու կողմում գյուղ կա, որ չեն կարող ապրել, անխուսափելի գործողությունը ո՞րն է՝ փորձեն պայմանավորվել իրար հետ, թե ոնց ենք ապրելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930