ԱԺ նիստում կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Տավուշի մարզի գյուղերի հանձնման հարցին։
«Դեմ չենք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսել ՀՀ Տավուշի մարզի եւ Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի չորս գյուղերի հատվածներից։
Այս համատեքստում հաճախ են հնչում հետեւյալ տրամաբանությունն ունեցող հարցեր՝ իսկ այդ հատվածներում սահմանազատումը եւ դրա արդյունքների իրականացումը երաշխավորո՞ւմ է արդյոք անվտանգություն։ Չի երաշխավորում անվտանգություն, բայց հարցի հասցեագրումից հրաժարումը երաշխավորում է անվտանգային սպառնալիքների շարունակաբար մեծացում, եւ այս բացասական երաշխիքը նախ պիտի չեզոքացնենք։
Հաջորդ հարցը՝ իսկ այդ գործելակերպը երաշխավորո՞ւմ է արդյոք, որ Հայաստանի Հանրապետության տարածքի վրա նոր հարձակում չի լինի։ Չի երաշխավորում, բայց հակառակ գործելակերպը երաշխավորում է նոր հարձակում ՀՀ ինքնիշխան տարածքի վրա։ Եվ այս բացասական երաշխիքը նախ պետք է չեզոքացնենք։
Կարդացեք նաև
Հաջորդ հարցը՝ իսկ Տավուշի նշյալ հատվածում սահմանազատումը եւ դրա արդյունքի իրագործումը երաշխավորո՞ւմ է արդյոք, որ Ադրբեջանը կպահի սահմանազատումը շարունակելու տրամաբանությունը եւ կվերադարձնի մեր ավելի քան երեք տասնյակ գյուղերի կենսական նշանակության տարածքները։ Չի երաշխավորում, բայց նշված հատվածում սահմանազատում իրականացնելուց հրաժարվելը երաշխավորում է, որ Ադրբեջանը չի վերադարձնի մեր գյուղերի կենսական նշանակության տարածքները, եւ այս նեգատիվ երաշխիքը նախ պետք է չեզոքացնենք»,- հայտարարեց նա։
Փաշինյանն ասաց, որ հարց է հնչում, եթե սա է Հայաստանի ապագա ուղին, ինչի՞ համար էին մեր հազարավոր զոհերը․ «Մեր զինվորները զոհվել են հանուն Հայաստանի պետականության, անկախության եւ ինքնիշխանության»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ