Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատմական Հայաստանի տեսլականը մեզ միշտ կառաջնորդի դեպի ցեղասպանության թակարդը, եւ ցեղասպանության վախը մեզ կպահի ֆորպոստի կարգավիճակում»․ Փաշինյան

Ապրիլ 10,2024 10:39

«Կառավարությունը եւ անձամբ ես հանգել ենք այն համոզման, որ պատմական Հայաստանը եւ իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլեւ հաճախ հակոտնյա են միմյանց եւ նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար»,- ԱԺ նիստում կառավարության ծրագրի կատարողականը ներկայացնելու ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ ուզում է բացատրել, թե ինչո՞ւ է այդ կարծիքին․ «Ես եւ կառավարությունը, երկար ժամանակ լինելով պատմական Հայաստանի հոգեբանության եւ ավանդույթի կրող, միայն 2022 թվականին արձանագրեցինք, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման առանցքային գործոնն արհամարհված է, եւ մեր պետականության հիմնադրման առաջին տարիներից է դա տեղի ունեցել։ Եվ այդ գործոնը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններն են, ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը։

Միայն 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո ես աներկբա եւ միանշանակ համոզվեցի, որ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի արձանագրումն է, որ կարող է լրացուցիչ եւ որոշիչ գործոն դառնալ մեր երկրի կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ անվտանգությունն ապահովելու հարցում։ Եվ այդ պահից փաստացի քաղաքական եւ հոգեբանական մի գործընթաց մեկնարկեց, որ կարելի է անվանել սահմանազատման գործընթաց իրական Հայաստանի եւ պատմական Հայաստանի միջեւ։

Իրական եւ պատմական Հայաստանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացն ավելի հեշտ չի ընթանում, քան ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը։ Եթե անկեղծ ասեմ, իրական Հայաստանի եւ պատմական Հայաստանի միջեւ սահմանազատման գործընթացը շատ ավելի ցավոտ է ընթանում, նաեւ այն պատճառով, որ նաեւ այդ սահմանազատումը տեղի է ունենում մեզնից յուրաքանչյուրի ներսում եւ ի հայտ է բերում անսպասելի շերտեր ու նրբերանգներ։

Ըստ այդմ՝ պատմական Հայաստանը չի ճանաչում իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետեւ իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը սահմանափակող գործոն է պատմական Հայաստանի համար եւ նրան դրսեւորվելու հնարավորություն չի տալիս։

Այս առումով կամա թե ակամա պատմական Հայաստանը ձայնակցում է մի շարք երկրների հետ, որոնք նկրտումներ ունեն իրական Հայաստանի ինքնիշխանության, անկախության, տարածքների նկատմամբ, որովհետեւ իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանը նույն կերպ սահմանափակող գործոն է այդ երկրների ախորժակի համար»։

Նիկոլ Փաշինյանը հավելեց․ «Պատմական Հայաստանն, ի դեպ, մի առանցքային նշանակություն ունի մի շարք երկրների հետ մեր հարաբերությունների համար։ Այն երկրների մի խմբի հետ մեր թշնամանքի հարատեւ երաշխիք է եւ երաշխիք է, որ այդ երկրները մեր նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելու պատճառաբանություն եւ բացատրություն կունենան։ Պատմական Հայաստանի մեր տեսլականը մեզ միշտ կառաջնորդի դեպի ցեղասպանության թակարդը, որում հայտնվելով՝ մենք փրկչի ու հովանավորի կարիք կունենանք։ Եվ ցեղասպանության վախը մեզ կպահի ֆորպոստի կարգավիճակում։ Իսկ ֆորպոստը ոչ սահմանի, ոչ ինքնիշխանության, ոչ անկախության,ոչ տարածքային ամբողջականության կարիք չունի, նա կարիք ունի միայն հովանավորության»։

Փաշինյանը հայտարարեց՝ «Մենք պետք է կենտրոնանանք իրական Հայաստանի շահերի սպասարկման գործի վրա՝ արձանագրելով պատմական Հայաստանի գործելակերպին եւ մտածողությանը երբեւէ վերադառնալու կենսական անհնարինությունն ապագայում»։ Հակառակ պարագայում, նրա խոսքով, մենք անվտանգային արտաքին մարտահրավերները հասցեագրելու շանս չենք ունենա նույնիսկ։ Ըստ նրա՝ իրական Հայաստանն այն է, որն ունի միջազգայնորեն ճանաչված տարածք եւ սահմաններ։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930