Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկայի կորած քաղաքացիների վերաբերյալ հետաքննական նյութերում էր նաեւ Ջորջ Մամբրեյանի անունը

Ապրիլ 10,2024 14:00

«Ջորջ Երվանդի Մամբրեյանը ռեաբիլիտացվել է Խրուշչովի օրոք: Ճամբարներում անցկացրած տարիների մասին նա նախընտրում էր լռել, ժլատորեն էր կիսվում իր հիշողություններով ավագ դստեր հետ, ում պատմությունները հիմք են հանդիսացել այս գրքի համար: Տարիներ անց՝ անհետացած Ամերիկայի քաղաքացիների վերաբերյալ լայնածավալ հետաքննության ընթացքում, ամերիկյան կառավարությունը հայտնաբերեց Խորհրդային Միությունում կորած ԱՄՆ քաղաքացիների հազարավոր փաստաթղթեր: Դրանց թվում էին նաեւ Ջորջ Մամբրեյանի փաստաթղթերը՝ իմ դուստրերի նախապապի, ով, ցավոք, այդ ժամանակ, այլեւս ողջ չէր: Նա չտեսավ, թե ինչպես բոլորը՝ իր ընտանիքը, երեխաները, թոռները, ավելի ուշ եւ ծոռները ստացան Ամերիկայի քաղաքացիություն՝ որպես մարդկության պատմության մեջ երկու մեծ ողբերգության՝ Հայոց ցեղասպանությունն եւ գուլագը վերապրած ամերիկացու ժառանգներ: Բոլորը՝ բացի իրենից». այս մասին գրել է «Մադիկա» ՍՊԸ հիմնադիր, տնօրեն, իրավաբան Դիանա Մովսեսյանն իր՝ «Կորցրած ամերիկյան երազանք. Մի ընտանիքի պատմություն» վեպի վերջաբանում՝ այն ներկայացնելիս:

Գիրքը հեղինակի ամուսնու պապի կյանքի պատմությունն է, Հայոց ցեղասպանությունը վերապրած Ջորջ Երվանդի Մամբրեյանի, ով հասել է Ամերիկա, ապա վերադարձել Երեւան, հետո հայտնվել Կոլիմայի, Մագադանի մարդակուլ -ճամբարներում. «Նա հիշում էր անքնության, անմարդկային վերաբերմունքի, հարցաքննությունների, նկուղներում սառցե հատակներին կանգնելու տանջալից ամիսները: Հիշում էր, թե ինչպես էին կենդանի անասունների պես իրենց բարձում վագոնները, որ ուղարկեին Նագաեւի ծովածոցի փոխաբեռնման կետը…հիշում էր իր նման տասնյակ բանտարկյալներին, ովքեր ռուսերեն ոչ մի բառ չէին հասկանում….»:

Ասեմ, որ մի շնչով կարդացի այս գիրքը: Եվ չնայած նրան, որ այն հեղինակի առաջին գիրքն է, նա կարողացել էր իրավաբանի «հոտառությամբ», ասելիքի խտությամբ, գեղարվեստական դիպուկ պատկերներով հուզական եւ հետաքրքիր դարձնել իրապատումը:

Հեղինակն իր խոսքում նշում է, որ երկու տարի է պահանջվել, որպեսզի հավաքվեն իրեն հետաքրքող փաստաթղթերը, անհրաժեշտ նյութերը. «Իմ երեւակայության մեջ ես միացնում էի պատառիկները մի մարդու զարմանալիորեն անարդար կյանքի մասին գիրքը, որը ճակատագրի բերումով հայտնվեց սխալ տեղում եւ սխալ ժամանակ: …Հատ առ հատ ես հավաքում էի բոլոր պատմությունները, ականատեսների հիշողությունները, նայում արխիվները, դասավորում լուսանկարները, այնուհետեւ կարդացածից եւ տեսածից հետո, երբ այլեւս քնելը դառնում էր անհնար, ես մեկտեղում էի ամեն ինչ, հղկում, խորհում յուրաքանչյուր բառի շուրջ»:

Գրքի հերոսը՝ Ջորջը (Կիրակոս), ըստ Դ. Մովսեսյանի՝ «ցեղասպանությունը վերապրածների հավաքական կերպար է, իսկ առհասարակ, այս գիրքը «մեզնից յուրաքանչյուրի մասին է»:

Իր խոսքում հեղինակը նշում է. «Այնպես ստացվեց, որ գիրքը լույս տեսավ Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո, երբ ողջ աշխարհն ականատես եղավ 21-րդ դարում իրականացված հայոց նոր ցեղասպանությանը, ինչը մեկ անգամ հաստատում է, որ սեփական ժողովրդի պատմությունը պետք է հիշել, այդ մասին պետք է պատմել երեխաներին, այդ մասին պետք է գրել պարզապես այն պատճառով, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի, եթե դրա դասերը մինչեւ վերջ չենք քաղել»:

Գիրքը խոսուն գլուխներից է բաղկացած. «ՄԹ համայնքների պալատում արտաքին գործերի փոխնախարար Լորդ Ռոբերտի Սեսիլի ելույթից», «Վարդաթերթիկներով մուրաբան», «Սուրբ Գեւորգ. 1913», «Խավարում, օգոստոս 1914», «Քեմալ էֆենդի», «Բաթում, 1919», «Նյու Յորք, 1927», «Զմյուռնիա», «Նամակ», «Ամերիկացին», «Թափառականը»…ու զուգահեռ ասես «հոսում» է գրքի իրական հերոսի կյանքը, հիշողությունները, ապրումները, ընտանիքին ուղղված ճակատագրի մարտահրավերները:

Ահավասիկ դրանցից մեկը. «Մենության այդ րոպեները Ջորջի համար յուրատեսակ փախուստ էին դեպի անուրջների աշխարհ: Կաղնին, որի տակ նա նստած էր, նրան հիշեցնում էր Սվասի տունը, հարազատ դեմքերը, որոնք նա ավելի շատ հիշում էր իր երեւակայության մեջ, քանի որ ժամանակի ընթացքում սիրելի դիմագծերն անողոքաբար ջնջվել էին հիշողությունից: Այն մի քանի լուսանկարներում, որոնք Ազնիվը հաջողացրել էր փրկել, ինքը դեռ մանուկ էր եւ՝ մոր ծնկներին նստած…»:

«Երեւան» գլխում հեղինակը մեզ տեղափոխում է 1938 թվականի երեւանյան ներկա. «Երկար, լայնարձակ, երեւանյան արեւից տոթակեզ Այգեստան փողոցը ձգվում էր կարծես երակ, որում մնացել էր սոսկ մի կաթիլ արյուն: Հասնում էին հյութեղ ծիրանները՝ տարածելով քաղցր ու գայթակղիչ բուրմունքը: Երեւանում տիրում էր կեսօրյա տապը՝ բազմացնելով զզվելի ճանճերին ու աղբյուրի սառնորակ ջուր խմելու բուռն ցանկություն առաջացնելով: Չոր, կարծես շիկացած օդը փոշիով էր հագեցած… Ջորջն ու Հմայակը զգուշորեն բացեցին Երեւանի տան դռնակը, որտեղ Բաթումից տեղափոխվելուց հետո Սաթենի հետ ապրում էր մայրը: Հարեւանների փսփսոցների ու հետաքրքրասեր հայացքների ներքո Ջորջն ու Հմայակը, փաթաթվելով Սաթենին, հեկեկում էին՝ առանց ամաչելու իրենց արցունքներից… մայրը չճանաչեց որդիներին…»: Անկողնուն գամված մայրը մահանում է լուսադեմին…

«Ամերիկացին» գլխում ներկայացված է քաղվածք արխիվային քննչական գործի նյութերից., վճռից. «Աքսորել Ջորջ Երվանդի Մամբրեյանին, ծննդյան տարեթիվը՝ 1908, ք. Սվաս, Օսմանյան կայսրություն…10 տարվա ուղղիչ -աշխատանքային ճամբարներ…»:

Գրքի թերեւս ամենադրամատիկ հատվածն է այս. «Շատ լավ հիշում էր, թե ինչպես մոսկովյան օդանավակայանում անվտանգության աշխատակիցները վերցրին իր ու Հմայակի անձնագրերը: Իր այցը Մոսկվայում ԱՄՆ դեսպանատուն, ուր եկել էր Երեւանից՝ խնդրելու վերականգնել իր առգրավված անձնագիրը: Հիշում էր, որ երբ իրենից նոր լուսանկարներ խնդրեցին անձնագրի համար, ինչպիսի միամիտ ուրախությամբ դուրս եկավ դեսպանատնից ու շտապեց Մոխովայ փողոցի անկյունը, լուսանկարչական արհեստանոց կար, որին, սակայն, չհասավ… Սեւազգեստ մարդկանց, որ ամենուր հետեւում էին իրեն, նա չնկատեց: Ժամանակներն էին այդպիսին»:

Գիրքը լույս է տեսել նաեւ ռուսերեն տարբերակով, թարգմանության հարցում հեղինակին օգնել են Նունիկ Ավետիսյանը, Հայաստանի եւ Ռուսաստանի գրողների միության անդամ Գոհար Ռշտունին, Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հարություն Մարությանը, գեղարվեստական թարգմանիչ Արմինե Հակոբյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել