Հայտարարությունն ուղղված է ՀՀ իշխանություններին, միջազգային հանրությանն ու Հայոց ազգին
Կանգնած եմ Երկնքի եւ երկրի միջեւ, նայում եմ ավելի վեր, հոգիս միախառնվում է բարձր երկնքի հետ: Ապահովությունն է գրկել ինձ, վերեւում Հավերժի Հայկական բանակն է, որից ուժ ու զորություն է հոսում դեպի ինձ:
Մարդկությունը վերեւից երեւակվում է, որպես խառնաշփոթ, տագնապած, սթրեսային ու մոլորված զանգված: Մարդը, չնայելով իր շուրջը, շարունակում է փողի եւ նյութի համար իր անհուսալի վազքարշավը:
Փողի վազքն իր մեջ է ներառել բոլորին, մեծին ու փոքրին, էլիտարին, ցածրին: Փողը դարձել է բոլորի լոգոն ու ճակատագիրը, կյանքը ունայնացել է:
Կարդացեք նաև
Մարդու ունայնությունը հասել է երկինք: Տիեզերքը կորցնում է մարդուն, իսկ մարդը շարունակում է «հարստանալ»։ Վիճակը օրհասական է:
Ուզում եմ տեսնել մի հուսալի, մարդու եւ տիեզերքի համար ընդհանրական, մնայուն արժեք, սակայն չկա, չեմ տեսնում: Մեր կոչումը եղել է եւ կա ստեղծագործել արարչականը, արարել ու ապրել դրանով: Արարումը վարից վեր պիտի պատվեր հավատով առ Երկինք, դեպի Վեր: Ավաղ, ամեն ինչ այդպես չէ: Մարդը կորցրել է Վերեւ – ներքեւը եւ կուրորեն տրվել է փողին: Կորել են նաեւ մարդկային փոխհարաբերությունները, մարդը պտտվում է ինքն իր շուրջ:
Խաղաղություն ունենալու օրակարգերը նույնպես փոխվել են, միշտ ասել ենք՝ պատերազմից խուսափելու համար պատրաստվիր պատերազմի, հիմա ասում են` եթե ուզում ես պատերազմ, պատրաստվիր խաղաղության։
Ապրելու օրակարգերը եղել են եւ կմնան. եթե ուզում ես ապրել՝ պատերազմիր:
Համաշխարհային նորագույն պատմության քառուղիներում հերթական անգամ Արցախի օրինակով ակնհայտ դարձավ, որ աշխարհն իր որդեգրած արհեստածին քաղաքակրթությամբ հանդերձ գնաց ոչ թե իրավունքի ու արդարության, այլ փողի ու շահի ճանապարհով: Հայն իր ներսի արդարության, հավատի ու խղճի հետ միասին, ագրեսորի եւ ցեղասպանության սպառնալիքի դեմ հանդիման կրկին մնաց մեն- մենակ, կրկին չգործեց միջազգային իրավունքը, քաղաքակիրթ մարդկությունը, ինչպես 20-րդ դարասկզբին, կրկին ամուլ ու խուլ ձեւացավ:
Մարդկային այս թանկ արժեքները Հայը չկորցրեց ու երբեք չի կորցրել: Նույնիսկ իր համար ամենադաժան օրերին նա այդ ապրեցնող սերմերը պահ է տվել իր հոգում ու տանում է առաջ, դեպի նոր՝ իսկական քաղաքակրթություն:
Մենք՝ հայերս, Արարատյան գնդի զինվորներն ենք եւ այլ ճանապարհ չունենք, քան ապրեցնելով ապրելը, կյանք ու լույս սերմանելը: Խավարի դեմ մեր պատերազմը չի ավարտվել, այն նոր փուլ է մտել եւ կոչվում է թուլության, ստի, անհավատության, նյութականության, խավարի, խաբկանքի ու մոլորության դեմ պատերազմ:
Այս մեր պատերազմը չի ավարտվի, քանի դեռ կյանքում խավարն է տիրում: Այն մարդու ներսի պատերազմ է, մարդու եւ ազգերի դեմ սանձազերծված չէ: Այն անհաշտ պատերազմ է մարդու, ազգերի ու կառավարիչների մութ գործողությունների դեմ:
Որպես ազգ մեզ վրա եկող մութ ուժերի ու տերությունների դեմ միշտ պատերազմել ենք ու պատերազմելու ենք նաեւ հետայսու, քանզի մեր այդ պատերազմները սրբազան են: Հաղթողը զենքը կամ փողը չէ, այլ այն փափուկ ուժը, որն ի սկզբանե Հայոց ազգի մեջ ներդրված է եղել Ի Վերուստ:
Խաչատուր ՄԱՐՈԶՅԱՆ
Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի հիմնադիր նախագահ,
«Հայոց Մայրեր» հայրենասիրական նախաձեռնության հեղինակ
«Առավոտ» օրաթերթ
09.04.2024