Լրահոս
Օրվա լրահոսը

Պահաջվում էր մերկապար, բայց անպարկեշտ ոչինչ բեմում չի կատարվում

Ապրիլ 10,2024 13:00

Կկայանա Սուրեն Շահվերդյանի «Փող off տղամարդիկ» նորացված ներկայացման պրեմիերան

Ապրիլի 12-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հանդիսատեսի դատին կհանձնվի ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի «Փող off տղամարդիկ» ներկայացումը, որի գործողությունները ծավալվում են քովիդի ժամանակ։ Ամեն ինչ փակ է, գումար չկա, իսկ ապրել պետք է։ Համացանցում հայտնվում է հայտարարություն՝ պահանջվում է տղամարդկանց մերկապար: Իսկ թե ինչ է լինում հետո, պետք է պարզել՝ ապրիլի 12-ին գնալով Կ. Ստանիսլավսկու անվան թատրոն:

Ներկայացման մեջ ներգրավված են Գոռ Համբարձումյանը, Արամոն, Ստեփան Ղամբարյանը, Էմմա Սապունջյանը, Տաթեւ Պետրոսյանը եւ Սաշա Սուքիասյանը:

Սուրեն Շահվերդյանն «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ ներկայացումը 2 անգամ խաղացել են «Ստրիպտիզ» վերնագրով, այժմ այն բավականին փոփոխվել է, նորացվել: Ի դեպ, «Ստրիպտիզ» անվանումը թյուրընկալումների տեղիք էր տալիս, մարդիկ կարծում էին, թե ներկայացման մեջ ստրիպտիզ կա, ինչը եւս առիթ է հանդիսացել, որ վերնագիրը փոխվի:

«Նախագիծը Սառա Նալբանդյանի հետ քովիդից մի երկու տարի առաջ էինք քննարկել, պիտի պիես գրվեր, բայց հենց պիեսը գրվեց, սկսվեց քովիդը, ու պիեսը վերաձեւեցինք, քովիդի հետ կապեցինք»,-ասում է Սուրեն Շահվերդյանը: Նաեւ պարզաբանում է. «Ներկայացման մեջ ոչ մի վուլգար ու գռեհիկ բան չկա, ոչ մի անպարկեշտ բան բեմում չի կատարվում, ընդհակառակը՝ այդ ամենին դեմ է ներկայացումը… Վերջում մի հատված կա. ստրիպտիզ պատվիրողը մի երես առած աղջիկ էր, որը գումարի խնդիր չուներ, ցոփ ու շվայտ կայնքով էր ապրում եւ իր քմահաճույքն էր տղամարդկանց նսեմացնելը… Երբ հնչում է, թե ստրիպտիզ ենք խոստացել հանդիսատեսին, մյուս պերսոնաժները պատասխանում են՝ թատրոնո՞ւմ… Շատ գունեղ, վառ ներկայացում է: Նկարիչն իմ ընկեր Աշոտ Թադեւոսյանն է: Ներկայացման բուն ասելիքը հետեյալն է՝ ինչ դրության մեջ էլ լինես, պետք է մարդ մնաս, փողը այդքան չարժեւորես, Աստված չդարձնես, փորձես պատվով դուրս գալ ամեն իրավիճակից: Այս ամենի արդյունքում ներկայացման հերոսները կատարսիս են ապրում եւ հասկանում են, որ մեկը աներոջ հաշվին չպետք է ապրի, մյուսը պետք է արժանապատիվ աշխատանք կատարի, երրորդն էլ իր երազանքի հետեւից գնա: Կյանքում ավելի արժեքավոր բաներ կան, քան փողը, ինչպես օրինակ՝ սերը, սիրած աշխատանքը, սկզբունքները…»:

Խոսելով դերասանների մասին, մեր զրուցակիցն ասաց, ոմանց հետ նախկինում էլ է աշխատել, օրինակ, Արամոյի հետ սա արդեն 3-րդ նախագիծն է, փորձում է նրան որպես դերասան բացահայտել ու կարծում է, որ լավ է ստացվել, Գոռ Համբարձումյանի հետ Ստանիսլավսկու անվան թատրոնում «Թագավորների խաղերը» ներկայացման մեջ է առնչվել, նրան համարում է տաղանդավոր դերասան, Ստեփան Ղամբարյանի հետ աշխատել է «Տրամվայ ցանկություն»-ում, իսկ Սաշա Սուքիասյանին համարում է բացահայտում Պատանի հանդիսատեսի թատրոնից: Աղջիկների հետ առաջին անգամ է առնչվում:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ իր աշխատանքին՝ որպես թատրոնի տնօրեն:

Մեր զրուցակցի ձեւակերպմամբ, իր գերխնդիրը թատրոնի շենքի պայմանները բարելավելն է, որը 20 տարի առաջ է վերանորոգվել «Լինսի» հիմնադրամով, իսկ այսօր ներկայացումների ժամանակ անգամ աթոռներն են շարքով թափվում, ամեն օր ստիպված են լինում մի բան «կարկատել»:

Առաջիկայում նախատեսում են բակում ունենալ բացօթյա թատրոն, կապիտալ վերանորոգման արդյունքում՝ նաեւ 2-3 հարթակ թատրոնի շենքում: Այժմ թատրոնն ապրում է բնականոն կյանքով՝ ներկայացումներ, հյուրախաղեր, լուրջ ծրագրերի տեսլական, որը Սուրեն Շահվերդյանի խոսքով՝ հավանության է արժանանում ԿԳՄՍ նախարարության կողմից: Թատրոնի տնօրենն ընդգծում է՝ քիչ է պատահում, որ նոր տնօրենի մուտքը որեւէ թատրոն չուղեկցվի սկանդալներով: Իր նշանակումը հենց այդ շարքից է:

Հարցրինք՝ մտադրություն չունի՞ նախկինում Գ. Սունդուկյանի անվան թատրոնի բեմում, ճեմասրահում բեմադրած ներկայացումները վերականգնել Ստանիսլավսկու թատրոնում: «Այդ ամենն արդեն եղել է, գուցե ինչ-որ մի գործ վերականգնեմ, բայց այսօր այնքան հետաքրքիր ստեղծագործություններ կան, որոնք վաղուց իմ դարակում են եւ սպասում են կյանքի կոչվելու… Մեր թատրոնի խաղացանկը լուրջ թարմացման խնդիր ունի, ինչի վրա աշխատում ենք, եւ դա մեկ օրվա աշխատանք չէ: Ծրագիր ունեմ, որը քայլ առ քայլ պիտի իրականացնեմ… Հասկանում եմ, որ մեր երկիրը ծանր ժամանակներ է ապրում, բայց հանդիսատեսի հետաքրքրությունը թատրոնի հանդեպ կարծես չի նվազել, եւ դա շատ կարեւոր է: Մարդիկ փորձում են գալ թատրոն, 2-3 ժամ կտրվել իրականությունից: Եղել են պահեր, որ ես էլ եմ հիասթափվել, մտածել եմ, որ ոչ թատրոնի ժամանակն է, ոչ արվեստի, բայց փորձը ցույց է տալիս, որ թատրոնն ապրում է, պետք է ապրի, իր գործով զբաղվի, մարդկանց կյանքը լցնի, հույզերը շարժի, կատարսիսի բերի»,- համոզված է Սուրեն Շահվերդյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուզան says:

    Հուսանք՝ հոր պես վատ մարդ չի լինի…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930