Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրոկուս սիթի հոլ»-ի ահաբեկչության պատճառով հետաձգված համերգին իր մասնակցությունն էր բերել նաեւ հայ երաժիշտ

Ապրիլ 10,2024 12:30

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ալտահարների կոնցերտմայստեր Հայկ Տեր-Հովհաննիսյանը վերադարձել է հեղինակավոր Տրանսսիբիրյան 11-րդ մշակութային փառատոնից:

Տրանսսիբիրյան փառատոնի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը մեր ժամանակների փայլուն ջութակահարներից Վադիմ Ռեպինն է: Համերգը կայացավ մարտի 25-ին, Նովոսիբիրսկի Կացի անվան համերգասրահում՝ մասնակցությամբ այնպիսի անվանի երաժիշտների, ինչպիսիք են Վադիմ Ռեպինը, Վադիմ Ռուդենկոն, Պավել Միլյուկովը, Գաբրիել Ուրենյան, Մաքսիմ Ռուբցովը եւ հայազգի ալտահար Հայկ Տեր-Հովհաննիսյանը: Ծրագրում հնչեց Դվորժակ՝ Դաշնամուրի կվարտետ թիվ 2, Շուման՝ Դաշնամուրի կվարտետ թիվ 2 եւ Մոցարտ՝ Ֆլեյտայի կվարտետ ռե մաժոր: Ընդ որում, բոլոր նշյալ ստեղծագործություններն այս ժանրի վիրտուոզ գործերից են:

Զրուցեցինք Հայկ Տեր-Հովհաննիսյանի հետ:

– Գիտենք, որ փառատոնին մասնակցել եք բելգիաբնակ մեր հայրենակից, ջութակահար, պրոդյուսեր Խաչատուր Ալմազյանի միջնորդությամբ: Տեղյակ ենք նաեւ, որ ձեր մասնակցությամբ առաջին համերգը հետաձգվել էր «Կրոկուս սիթի հոլ»-ում կատարված ահաբեկչության պատճառով, այնուամենայնիվ, այն կայացավ։ Կարելի է ենթադրել, բայց կուզեինք ձեզանից լսել՝ ի՞նչ տրամադրություն էր արտիստների ու հանդիսատեսի շրջանում:

– Նախ կուզենայի խորին ցավակցություններս հայտնել բոլոր անմեղ զոհերի հարազատներին։ Պիտի նշեմ, որ փառատոնի մասնակիցներն անհանգստացած էին տեղի ունեցածով, բայց պատրաստ էին ելույթ ունենալ, թեկուզ եւ նման բարդ իրավիճակում։ Փառատոնի կազմակերպիչը` Օլեգ Բելին, գրեթե երեք օր չքնելուց եւ քրտնաջան աշխատելուց հետո կարողացավ փրկել իրավիճակը։ Համերգները տեղի ունեցան լեփ-լեցուն դահլիճներում։ Հանդիսատեսի վերաբերմունքից հասկացա, թե որքան կարեւոր է դեռ փոքր տարիքից տեղեկացված լինել մշակույթից եւ կարողանալ գնահատել յուրաքանչյուր մշակութային գործչի։

– Ի՞նչ զգացողություններ ունեիք նման հռչակավոր երաժիշտների հետ բեմ դուրս գալիս, այն էլ կամերային անսամբլի ժանրում:

– Աննկարագրելի պատասխանատվության զգացում՝ ոչ միայն ինձ վստահողների, այլեւ մի ամբողջ ազգի առջեւ, քանի որ Հայաստանի միակ ներկայացուցիչն էի, բայց թվով երկրորդ հայը։ Ինձնից առաջ այնտեղ ելույթ էր ունեցել տաղանդավոր թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։ Կարեւորն այն է, որ համերգներն անցան բավական հաջող, հաշվի առնելով, որ բավականին բարդ է նվագել նույնիսկ լեգենդար երաժիշտների հետ, ունենալով շատ սահմանափակ ժամանակ եւ, փառք Աստծո, արժանացա նման երաժիշտների բարձր գնահատականին։ Հուսամ՝ նրանց հետ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի…

Տեղեկացնենք, որ Տրանսսիբիրյան մշակութային փառատոնն իր գոյության 11 տարիների ընթացքում հյուրընկալել է այնպիսի անվանի երաժիշտների, ինչպիսիք են Յուրի Բաշմետը, Դենիս Մացուեւը, Վլադիմիր Սպիվակովը եւ այլք: Այն մեկ հարթակում միավորել է երաժիշտների, բալետի արտիստների, դերասանների, ռեժիսորների ու լուսանկարիչների աշխարհի տարբեր ծայրերից՝ Ավստրիայից, Գերմանիայից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Սերբիայից, Բրազիլիայից, Վենեսուելայից եւ այլ վայրերից:

Հայկ Տեր-Հովհաննիսյանն իր երաժշտական ուղին սկսել է Երեւանում. ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (1996-2001թթ.), Ալեքսանդր Կոսեմյանի դասարանը, ով «Կոմիտաս» քառյակի ալտահարն է: 1998թ.-ից նվագել է Լորիս Ճգնավորյանի հիմնած «Երեւան» երիտասարդական  նվագախմբում` դիրիժոր Գեւորգ Մուրադյանի ղեկավարությամբ: 2000թ.-ից ընդունվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ: 2012-2020 թթ. եղել է Լիբանանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի ալտահարների փոխկոնցերտմայստերը, դասավանդել է Լիբանանի ազգային բարձրագույն կոնսերվատորիայում: Այնուհետեւ վերադարձել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, 2023թ.-ից նվագախմբի ալտահարների կոնցերտմայստերն է, «Ավետիս», «Երեւան» եւ KVArt քառյակների ալտահարը, նաեւ դասավանդում է:

Աստղիկ ԴԱԼԼԱՔՅԱՆ

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930