Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը` Արեւմուտքի «զինված ֆորպոստ». Ալիեւի վախերը

Ապրիլ 10,2024 12:00

Ադրբեջանի նախագահը կարեւորել է, որպեսզի «այս պայմաններում թուրք-ադրբեջանական միասնությունն ավելի ամուր լինի», ու համոզմունք է հայտնել, որ` «կձախողվեն նրանց մտադրությունները, ովքեր ցանկանում են խախտել այդ միասնությունը»

Անցյալ շաբաթ Հայաստանին վերաբերող քաղաքական, տարածաշրջանային խիստ կարեւոր նշանակության իրադարձություն կայացավ, եւ հատկանշական է, թե այդ հանդիպման շուրջ ինչ մթնոլորտ էին ձեւավորել Հայաստանի հակառակորդ պետություններն ու ինչ ուժգին հակազդեցություն ապահովեցին իրենց հրապարակային գնահատականներով:

Բրյուսելում ապրիլի 5-ին կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հանդիպումը: Սա առաջին նման ձեւաչափով հանդիպումն էր, եւ մեկնարկին արձանագրվեց, որ օրակարգում են` Հայաստանի տնտեսական դիմացկունության ամրապնդմանն ու բարեփոխումներին վերաբերող հարցեր։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նախ արձանագրեց. «Մեր այսօրվա հանդիպումը վերաբերում է Հայաստանի զարգացման հեռանկարներին, նրա կայունության ամրապնդմանը, ձեռնարկատիրության զարգացմանը», այնուհետեւ հայտնեց, որ Բրյուսելը պատրաստ է հավելյալ 270 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել Հայաստանին առաջիկա չորս տարում՝ տնտեսության զարգացման, մասնավորապես փոքր ու միջին բիզնեսին աջակցելու, ինչպես նաեւ ենթակառուցվածքների զարգացման համար։ «Մենք այս հանդիպման մասին պայմանավորվել էինք անցած հոկտեմբերին, հայտարարել, որ պատրաստ ենք ուս ուսի կանգնել Հայաստանի կողքին եւ այժմ կատարում ենք այդ խոստումը», – նշեց Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ բարձր գնահատելով Հայաստանի բարեփոխումները, ինչպես նաեւ քայլերը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու հարցում։ «Սա ցույց է տալիս, որ մենք միեւնույն տեսակետներն ու արժեքներն ենք կիսում», – ասաց Եվրամիության գործադիր մարմնի ղեկավարը։

ԱՄՆ Պետքարտուղար Բլինքենն իր հերթին հայտնեց, որ ԱՄՆ-ը Հայաստանի տնտեսությունում 65 միլիոն դոլարի ներդրում կանի։ «Վաշինգտոնը ցանկանում է Հայաստանին տեսնել ուժեղ երկիր, որը խաղաղ գոյակցում է հարեւանների հետ։ Այս հարցում ԱՄՆ-ը ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը։ Մենք չպետք է բաց թողնենք այդ հնարավորությունը։ Կշարունակենք աջակցել նաեւ Լեռնային Ղարաբաղից վտարված մարդկանց», – նշեց Բլինքենը։ Ժոզեպ Բորելն ասաց, որ Եվրամիությունը Հայաստանին կօգնի դիմակայելու դրսի ազդեցությանը եւ մանիպուլյացիային։

Նկատենք, որ մինչ բրյուսելյան հանդիպումը Ադրբեջանը, մեղմ ասած` մեծ աղմուկ էր բարձրացրել, որը զուգորդվեց Հայաստանի սահմանին լարվածության մեծացմամբ: Ջղաձգության նոպաների մեջ գտնվող ադրբեջանական իշխանություններին Վաշինգտոնն ու Բրյուսելը ստիպված եղան հանդարտեցնել Բրյուսելի հանդիպումից առաջ:

Ապրիլի 3-ին ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց ունեցան, որի ընթացքում քննարկել էին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացն առաջ մղելու կարեւորությունը, «որը տնտեսական օգուտ կբերի ողջ տարածաշրջանին», ասվում էր Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրությունում։ Ընդգծելով, որ սահմանին լարվածության աճն արդարացում չունի, Բլինքենը զգուշացրել էր, որ ցանկացած կողմից ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կխաթարեն խաղաղության հեռանկարները։

Իլհամ Ալիեւն իր հերթին հարկ էր համարել արձանագրել, թե «հանդիպումը չի հետաձգվել, չնայած Ադրբեջանի դիտողություններին, որ այն կհանգեցնի ոչ թե խաղաղության, այլ, ի վերջո, լարվածության Հարավային Կովկասում եւ նոր բաժանարար գծեր կստեղծի՝ խաղաղություն հաստատելու փոխարեն»։ Ընդ որում, Ալիեւը ընդգծել էր Ադրբեջանի հավատարմությունը 2022թ. Պրահայի հանդիպմանն ընդունված հայտարարությանը եւ Ալմաթիի հռչակագրին։

Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության, Էնթոնի Բլինքենն, անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելի հանդիպման վերաբերյալ Ալիեւի մտահոգություններին, ընդգծել էր, որ այն ուղղված չէ Ադրբեջանի դեմ: ԱՄՆ Պետքարտուղարը հեռախոսազրույցի ժամանակ նաեւ հորդորել էր ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին, նշված է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրությունում:

Պետքարտուղար Բլինքենից հետո Ալիեւին զանգահարել էր նաեւ Ֆոն դեր Լայենը: «Հեռախոսազրույցի ընթացքում բարձրացվել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպման հարցը։ Ալիեւը, ինչպես ԱՄՆ պետքարտուղարի հետ զրույցում, հայտնել է ադրբեջանական կողմի դիրքորոշումն այդ հանդիպման վերաբերյալ եւ նշել տարածաշրջանի ընդգրկման կարեւորությունը», – ասված է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության հաղորդագրությունում։ Ֆոն դեր Լայենը հեռախոսազրույցի վերաբերյալ X-ում արված գրառմամբ համառոտ նշել էր միայն, որ Ալիեւի հետ քննարկել է «ԵՄ-Ադրբեջան կարեւոր հարաբերությունները կայուն եւ բարգավաճող Հարավային Կովկասի շրջանակներում»։ Եվրահանձնաժողովի նախագահը հավելել էր նաեւ, որ Բրյուսելը պատրաստակամություն է հայտնել «ակտիվացնել ականազերծմանն աջակցելու գործողությունները, ինչպես նաեւ քննարկել, թե ինչպես անել, որպեսզի Բաքվում COP29 հաջողություն ունենա»։

Ադրբեջանին աջակցության հրապարակային ժեստեր արեց Անկարան: Ապրիլի 4-ին Բաքվում էր Թուրքիայի նախկին արտգործնախարար, այժմ պատգամավոր Մեւլութ Չավուշօղլուն, որը հայտարարեց. «Հայաստանին ռազմական աջակցության ցուցաբերելն այսօր որեւէ օգուտ չի խոստանում ոչ Հայաստանին, ոչ էլ տարածաշրջանին։ Դրա փոխարեն անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղության խրախուսումը»։ Նրա խոսքով՝ Անկարան մասնավորապես Փարիզին բազմիցս հորդորել է հրաժարվել «Հայաստանին այլ միջոցներով աջակցությունից»։ «Մենք բազմիցս այդ մասին հայտարարել ենք Ֆրանսիայի ներկայացուցիչներին։ Նրանք պետք է հրաժարվեն Հայաստանին այլ միջոցներով աջակցելու փորձերից։ Նրանք թող չմոռանան, որ մեր սիրելի Ադրբեջանը երբեք չի լինի միայնակ»,- ասել էր Թուրքիայի իշխող մեծամասնության ներկայացուցիչը։

Ի դեպ, Չավուշօղլուի այցը Բաքու հաջորդեց Թուրքիայի ռազմական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գյորգյունի գլխավորած պատվիրակության այցին։ Իլհամ Ալիեւը, ընդունելով թուրք պաշտոնյաներին, ընդգծել էր, որ Ադրբեջանում «լուրջ քայլեր են ձեռնարկվում պաշտպանական արդյունաբերության զարգացման ուղղությամբ», «այդ տեսանկյունից թուրքական առաջատար ընկերությունների պատվիրակության այցն Ադրբեջան լավ հնարավորություններ է ստեղծում համագործակցության հեռանկարները քննարկելու համար»։

Ու այս երկու երկրների իշխանության ներկայացուցիչները պարբերաբար սպառնում են Հայաստանին, «կարգադրում», որպեսզի Հայաստանը չզինվի…

Ահա եւս մեկ սպառնալիք ուղղված Հայաստանին: «Ադրբեջանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դաշնակցային հարաբերությունների մասին» Շուշիի հռչակագրի համաձայն՝ Թուրքիան Ադրբեջանին ամեն տեսակ աջակցություն կցուցաբերի, Բաքվում հայտարարեց ՆԱՏՕ ԽՎ-ում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն, հավելելով. «Ադրբեջանը կարեւոր դեր է խաղում Արեւմուտքի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Այս կապակցությամբ արեւմտյան երկրները, մասնավորապես՝ Ֆրանսիան, պետք է ճնշում գործադրեն Հայաստանի վրա՝ շուտափույթ խաղաղություն կնքելու համար» ու «թող Ֆրանսիան իմանա, որ Ադրբեջանը միայնակ չի»:

Հայաստանին «ինտեգրացիայի» կանաչ ճանապարհ խոստանալով` «Զանգեզուրի միջանցքով», ահա, Անկարան ի ցույց դրեց Ալիեւի ռեժիմին աջակցելու հերթական ժեստը: Հատկանշական է, որ ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպումից առաջ Թուրքիայի ԱԳՆ-ն էլ հարկ համարեց պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ: Պաշտոնական Անկարան արձանագրեց, որ ապրիլի 5-ին նախատեսված ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպումը` «Անդրկովկասը աշխարհաքաղաքական առճակատման գոտի վերածելու համար ուղի է հարթում» եւ «Հարավային Կովկասում կարգավորման բանակցություններից Ադրբեջանի բացառումը կխաթարի չեզոք մոտեցումը, որը պետք է հիմք հանդիսանա տարածաշրջանի բարդ խնդիրների լուծման համար»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, ապա նրա հրապարակային հայտարարությունները մատնում էին, թե ինչ մասշտաբի վախեր գոյություն ունեն ադրբեջանական պետության քաղաքական վերնախավում Հայաստանի իշխանության ներկայացուցչի հետ նմանօրինակ հանդիպման անցկացման եւ որ առավել կարեւոր է` հետնաբեմային հնարավոր պայմանավորվածությունների առումով:

Հարավային Կովկասում Հայաստանին զինված ֆորպոստ դարձնելու փորձերը հետագայում կհանգեցնեն շատ լուրջ բացասական հետեւանքների, նշեց Ադրբեջանի նախագահը, հավելելով, թե Հարավային Կովկասում սպառնալիքի հերթական աղբյուրն է ստեղծվում։ Նա այս մասին խոսեց ապրիլի 5-ին Բաքվում ընդունելով Թուրքիայի նախկին արտգործնախարար Չավուշօղլուին։ Ադրբեջանի նախագահն ուղղակի արձանագրեց, որ Եվրախորհրդարանի, Եվրոպայի խորհրդի կողմից հակաադրբեջանական հայտարարությունները եւ «Հայաստանին զինված ֆորպոստ դարձնելու փորձերը հետագայում կհանգեցնեն շատ մեծ բացասական հետեւանքների», ապա` խոստովանեց, որ «դրա հետ կապված հանդես են եկել հայտարարություններով, որպեսզի զգուշացնեն ԱՄՆ-ի եւ Եվրոպայի գործընկերներին»։

Ադրբեջանական լրատվամիջոցների այդ օրվա հաղորդագրություններին ծանոթանալիս, պարզ էր դառնում, որ Ալիեւը «Հայաստանի ֆորպոստացման» ահից սարսափած՝ Հարավային Կովկասի համար «մեծ աղետ» է մատնանշում: «Եվրախորհրդարանն ընդունել է վիրավորանքներով լի նողկալի բանաձեւեր։ ԵԽԽՎ-ն մեր պատվիրակությանը զրկել է ձայնի իրավունքից: Սրանք քայլեր են, որոնք կարող են հանգեցնել շատ բացասական հետեւանքների, եւ դրա միակ պատճառը Ղարաբաղի ազատագրումն է օկուպացիայից»,- ասել է Ալիեւը։

Ապա անդրադառնալով նույն օրը Բրյուսելում ԱՄՆ-ի, Եվրամիության եւ Հայաստանի իշխանությունների միջեւ հանդիպմանը, Ալիեւն ասել է. «Չնայած վերջին օրերին ե՛ւ Միացյալ Նահանգների, ե՛ւ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները իրենց նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցների ընթացքում փորձում էին համոզել մեզ, որ այս հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ, սակայն մենք գիտենք, որ այն մեր դեմ է ուղղված: Սա բաժանարար գծեր ստեղծելու եւ մեր երկիրը մեկուսացնելու նպատակ է հետապնդում»։

Այնուհետեւ ստեղծված պայմանների վտանգը մատնանշելով՝ Ալիեւը հարկ է համարել հրապարակային ընդգծել «ադրբեջանա-թուրքական միասնությունը»: Այս տանդեմը, ըստ նրա, ինչպես միշտ, ամուր է, եւ Ալիեւը «վստահություն է հայտնել, որ այդ միասնությունը խաթարել ցանկացողների մտադրությունները կձախողվեն»։

Այսինքն, Բլինքեն-Ֆոն դեր Լայեն-Փաշինյան հանդիպման փաստով Ալիեւն արձանագրեց, թե գիտեն, որ այդ հանդիպումն ընդդեմ Ադրբեջանի է, դրանով Ադրբեջանի մեկուսացման քաղաքականություն է տարվում եւ անգամ խոստովանեց, որ, փաստորեն, թուրք-ադրբեջանական տանդեմի միասնությունը «խաթարել ցանկացողներ» էլ կան, ինչը խիստ ուշագրավ արձանագրում էր: Այլ կերպ հնարավոր չէ հասկանալ Ալիեւի հայտարարությունը, որով նա կարեւոր է համարել, որ «այս պայմաններում թուրք-ադրբեջանական միասնությունն այսօր ավելի ամուր լինի, ինչպես միշտ», ու համոզմունք հայտնել, որ` «կձախողվեն նրանց մտադրությունները, ովքեր ցանկանում են խաթարել այդ միասնությունը»։

Այսքանն Ադրբեջանի պաշտոնական արձագանքների մասով: Սակայն սա դեռ ամենը չէ: Ադրբեջանական մամուլում մինչեւ Բրյուսելում ապրիլի 5-ին նախանշված հանդիպումը տեղեկատվական արտահոսք եղավ, որով «լույս էին սփռում» այդ հանդիպման հետնաբեմային պայմանավորվածությունների ուղղությունների վերաբերյալ:

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930