Լրահոս
Օրվա լրահոսը

Ահաբեկչության կազմակերպման մեջ մեղադրվող Գագիկ Սարգսյանի կալանքի ժամկետը եւս 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Ապրիլ 09,2024 22:45

Վարույթ իրականացնող մարմինն այսօր դատարան միջնորդություն է ներկայացրել 2024 թվականի փետրվարին Երևանի մի քանի հասցեներում պայթուցիկներ տեղադրելու և պայթեցումների միջոցով ահաբեկչության կազմակերպման մեղադրանքով անցնող դաշնակցական Գագիկ Սարգսյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ երեկ կոմիտեն հայտնեց, որ քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով՝ պարզվել է, որ Երևան քաղաքի Նոյ թաղամասի 143/1 տան բակում պայթյունի իրականացմանը, ինչպես նաև Երևան քաղաքի Գ.Գյուլբենկյան փողոցի 33-րդ շենքի և Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ պայթուցիկ սարքերի տեղադրման կազմակերպմանը, բացի վարույթով մեղադրյալ Գագիկ Սարգսյանից և ինքնությունները դեռևս չբացահայտված անձանցից, մասնակցել է նաև 42-ամյա Գ․ Վ․-ն:

Սարգսյանի կալանքի ժամկետի վերաբերյալ միջնորդության քննությունը նախատեսված էր այսօր, սակայն հետաձգվեց վաղը չէ մյուս օրը: Ըստ Սարգսյանի պաշտպան Մկրտիչ Դավթյանի՝ վարույթ իրականացնող մարմինն այսօր մի քանի հարյուր էջանոց ապացույցներ էր հետը դատարան բերել, ինչին ծանոթանալու համար ողջամիտ ժամկետի անհրաժեշտություն առաջացավ.

«Հաշվի առնելով, որ ողջամիտ ժամկետ չկա տեղեկանալու նաեւ պատրաստվելու, միջնորդեցի, որ քննությունը հետաձգվի, դատարանը որոշեց հետաձգել: Դեռ չեմ հասցրել ներկայացված ապացույցներին ծանոթանալ»:

Մկրտիչ Դավթյանը վստահ է, որ իր պաշտպանյալի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. «Բա որ գրում են ռուսամետ ուժեր, դա ի՞նչ է նշանակում: Ռուսամետ ուժերը ո՞րն է, այսինքն՝ եվրոպամետ, ռուսամետ, դե հիմա թող եվրոպամետ մարդկանց նկատմամբ էլ քրեական հետապնդում հարուցեն: Թե՞ երեւի համարում են՝ ռուսները մեր թշնամին են, ռուսամետ ուժերին համարում են երկրի համար վտանգավոր, չգիտեմ, բայց այդպիսի որակում են տվել՝ ռուսամետ ուժեր ու չեն գրում՝ ով»:

Մկրտիչ Դավթյանը նոր է ստանձնել Սարգսյանի պաշտպանությունը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930