«Այսօր մի օրակարգային հարց կա՝ ամեն գնով ազատվել այս իշխանությունից»,-այս մասին այսօր ԱԺ-ի մոտ «Միասին» շարժման բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ «Ամեն գնով ազատվելը ենթադրում է հստակ գործողություն, ամեն գնով նշանակում է՝ եթե պետք է՝ մտնել էդ սենյակները ու դուրս շպրտել դրանց, որոնք կործանել են մեզ, գլխատել են Արցախը, գլխատում են մեր արժանապատվությունը։ Ամեն խոսքիս համար պատասխանատու եմ»։
Հակոբյանը հայտարարեց՝ ՀՀ Սահմանադրությունն է պարտադրում ամեն գնով ազատվել այս իշխանությունից։
Նրա խոսքով՝ 2018-ին Նիկոլ Փաշինյանը իշխանափոխություն արեց՝ խախտելով Սահմանադրությունը․ «Երբ մտավ ռադիոտուն, դա Սահմանադրության խախտում է, նույնիսկ միջազգային նորմերով եթե ռազմավարական նշանակության պետական պաշտպանության օբյեկտ են մտնում, հանցագործին զգուշացնելուց հետո, եթե չի հանձնվում, սատկացնում են։ Դատարանի դռներն էր փակում՝ քրեական հանցագործ էր՝ իր լիազորություններ էր չարաշահում։ Նա պիտի բանտում լիներ»։
Կարդացեք նաև
Հակոբյանն ասաց, որ հանդիպում է զոհված զինվորների ծնողներին․ «Երբ հանդիպում եմ զինվորների ծնողներին, ասում են՝ եթե հնարավորություն լինի՝ կսատկացնենք իրան։ Չնայած, ես ասում եմ՝ պետք չի սատկացնել, նա պետք է Մելիք Ֆրանգյուլի ճակատագրին արժանանա։ Ինքը պետք է բանտում լիներ այսօր։
Էստեղ նստած, ինչպես իր գործընկերը ժամանակին ասել էր՝ ԱԺ-ն ղեկավարողը հայտարարում է, որ մենք ժողովրդավարական պետություն ենք, իսկ թիկնապահներին հրամայում է, որ բռնեն քաղաքացու ձեռքերը, որ թքի նրա վրա։ Նա թքել է մեզանից յուրաքանչյուրի վրա, պետության վրա»։
Հակոբյանն ասաց, որ իշխանությունից ազատվելու համար մահապարտների թիմ է պետք․ «Մեզ մահապարտների թիմ է պետք, որոնք համոզված լինեն, որ միակ փրկությունը ամեն գնով սրանցից ազատվելն է, որ էդ մի քանիսը լինեն, որ ձեւավորեն մի հարյուր հոգանոց մահապարտների թիմ, սրանց կաշին դաբաղանից գնալու է»։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ