Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստի ընթացքում այսօր շարունակվեց վկաների հարցաքննությունը։ Հարցաքննվեցին երեք վկաներ։ Նրանցից մեկը Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Արամ Վարղամյանն էր։
Aravot.am-ի հետ զրույցում Մամիկոն Ասլանյանի շահերի ներկայացուցիչ Արտակ Ոսկանյանը հայտնեց՝ տեսչական մարմինը ստուգում էր կատարել, ակտ էր կազմել, բայց այդ ստուգման ակտը մեղադրանքի հիմքում դրված չէ ու նշեց․ «Ստուգման ակտի հետ կապված հարցեր ու տարօրինակ հանգամանքներ կան։ Օրինակ՝ ստուգման ակտում գրել էին, որ այս խախտումներն առերևույթ քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հատկանիշներ են պարունակում, ասում եմ՝ Դուք քրեական օրենսգրքից գիտե՞ք՝ որն է հանցանք, հարցաքննվող վկան ասում է՝ ոչ, հարցրի՝ իրավաբաններ ունե՞ք, հարցրել ե՞ք նրանց։ Ասացի՝ նշել եք 60-րդ հոդվածը, այստեղ քրեական օրենսգրքով նախատեսված ի՞նչ արարք է, ի՞նչ հանցանք է, ասում է՝ ես չեմ կարող ասել։ Ասում եմ՝ բա չէ՞ որ ակտը Դուք եք կազմել, Դուք եք մեջը գրել, ասում է՝ չեմ կարող ասել։
Ասում եմ ստուգման ակտում ղեկավարվո՞ւմ եք օրենքով, ասում է՝ այո, ասում եմ ստուգման ակտում պարտադիր պետք է նշեք՝ խախտումների նկարագրությունը, իրավական նորմերը, որոնց պահանջները խախտվել են, պատասխանատվության կիրառման իրավական հիմքերը, պարտավոր եք այս կետով ղեկավարվել, ասում է՝ այո։ Ասում եմ՝ ակտը ձեզ եմ տրամադրում՝ խնդրում եմ ասեք՝ որտե՞ղ է նշված պատասխանատվության կիրառման իրավական հիմքերը, ասում է՝ չկա գրված։ Ասում եմ օրենքին չի համապատասխանում այս ակտը, ինչու՞ չեք գրել, ասում է՝ ես իրավաբան չեմ, չեմ կարող ասել։ Ասում եմ՝ ստուգում կատարող պաշտոնատար անձ եք, պարտավոր եք տեղյակ լինել ձեր ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջներին։ Ասում եմ՝ եթե համայնքի ղեկավարը խախտում է արել, ո՞վ է նրան տուգանք նշանակողը, ասում է՝ չգիտեմ, չեմ կարող ասել։
Օրենքից մեջբերում եմ կատարում, որ նման դեպքում համայնքի ղեկավարին տուգանող միակ սուբյեկտը տեսչական մարմինն է։ Եթե համայնքի ղեկավարի կողմից կատարվել է մասնավորեցման ոչ ենթակա հողերի օտարում, նրա նկատմամբ վարչական տույժ նշանակող մարմինը հանդիսանում եք դուք։ Հարցնում եմ՝ որ խախտումն արձանագրել եք, բա ինչո՞ւ չեք տուգանել։ Ասում է՝ չեմ կարող ասել։ Եկել ես, խախտում ես արձանագրել, պետք է համայնքի ղեկավարի նկատմամբ տուգանք նշանակեիր, բա ինչո՞ւ չես նշանակել։ Ինքը նույնիսկ չգիտեր, որ ինքն այն սուբյեկտն է, որը պետք է տույժ նշանակի»։
Կարդացեք նաև
Արտակ Ոսկանյանն ասաց, որ այս ակտը անգամ գործի հիմքում չկա, քանի որ ինքը ժամանակին հարցադրում էր արել, որ տեսչական մարմնի ղեկավարն օրենքով չնախատեսված հիմքով որոշում է կայացրել, նույն կերպ ինքն է լիազորությունները չարաշահել, հետևաբար այս ակտի համար պետք է տեսչական մարմնի ղեկավարի նկատմամբ քրեական գործ հարուցեին, քրեական հետապնդում իրականացվեր, այլ ոչ թե նրա տված ակտը դնեին Մամիկոն Ասլանյանի մեղադրանքի հիմքում։ Դրանից հետո, երբ գործը ուղարկվել է դատարան, այդ ակտը հանվել է գործից։
Արտակ Ոսկանյանն ասաց՝ հավանաբար հաջորդ նիստի ընթացքում, որը տեղի կունենա երկուշաբթի օրը, կավարտվի վկաների հարցաքննությունը, և արդեն դրանից հետո հավանաբար իրենք կալանքի միջնորդություն կանեն, քանի որ Մամիկոն Ասլանյանին կալանքի տակ պահելու միակ հիմքը եղել է վկաների վրա հնարավոր ազդեցությունը։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ