Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող է ինչ-որ պահ մենք ընդհանրապես հրաժարվենք որեւիցե բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության»․ Ալեն Սիմոնյան

Ապրիլ 09,2024 18:30

ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց ընդդիմության քննադատություններին։

«Սկսեմ երեւի ամենահետաքրքիր դրվագից՝ 2009 թվականին իշխանությունը Վարչատարածքային բաժանման մասին օրենքի մեջ փոփոխություն է կատարում։ Հետեւյալ մեջբերումն եմ ուզում անել՝ «ներկայացված նախագծով նախատեսվում է նախկին Ադրբեջանի կազմում եղած Տիգրանաշեն գյուղն ընդգրկել Արարատի մարզի Պարույր Սեւակ համայնքի, Բարխուդարլու եւ Ասկիպարա գյուղերը՝ համապատասխանաբար Ազատամուտ եւ Ոսկեպար համայնքների կազմում՝ միաժամանակ նշել, որ նրանց սահմանները կճշտվեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո»։

Դրանից հետո 2016 թվականին Տավուշի մարզպետարանը, որպեսզի հիմնավորի գալիք փոփոխությունն այս օրենքում, գրություն է գրում՝ հետեւյալ բովանդակությամբ․ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի առաջին հոդվածի «Տավուշ» ենթաբաժնի չորրորդ կետում նշված է Ասկիպարա գյուղը։ Տեղյակ եմ պահում, որ Տավուշի մարզում նման բնակավայր երբեք չի եղել։ Այն եղել է Ադրբեջանի ՍՍՀ Ղազախի շրջանի անկլավ եւ անցած դարի 1990-ական թվականներին ադրբեջանական բնակավայրերի վերաբնակվելուց հետո դադարել է գոյություն ունենալ»։ Սա գրել է Հանրապետական մարզպետն իր դաշնակցական տեղակալով։

Սրանից հետո դաշնակցական մեր գործընկերները, այդ թվում՝ այստեղ մեզ մեղադրանքներ հնչեցնող Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը եւ Դաշնակցություն խմբակցությունը սրան կողմ են քվեարկել։ Այսինքն՝ երբ սրա մասին խոսում ենք, պետք է հիշենք, թե վարչատարածքային բաժանման մասին օրենքը քննարկելիս ով ինչպիսի դիրքորոշում է ցուցաբերել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Նա հավելեց․ «Ինչ վերաբերում է ՀՀ սահմանին, ՀՀ սահմանից որեւիցե մաս քննարկման ենթակա չէ, չի քննարկվում։ Բանակցությունները վարվում են, աշխատանքային խմբերը հանդիպում են, բայց դա որեւիցե բան չի նշանակում։ Կարող է ինչ-որ պահ մենք ընդհանրապես հրաժարվենք որեւիցե ձեւով որեւիցե բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930