ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձավ սահմանազատման եւ սահմանագծման հարցերով այսօրվա փակ նիստին։
Պատգամավորն ասաց, որ այն, ինչ հնչեց այդ նիստի ընթացքում, որեւէ գաղտնիք չկար, եւ իշխանությունն այդ նիստի բովանդակությունը հասարակությունից գաղտնի պահելու համար որոշեց այն փակ անցկացնել։
«Եվ մեզ համար պարզվեց հետեւյալ իրավիճակը՝ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի հետ սահմանազատում-սահմանագծում գործընթացն իրականացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարած պետական հանձնաժողովի միջոցով։ Իրենք 7 հանդիպում են ունեցել, դեռ ավելի շատ տեխնիկական ու կազմակերպչական խնդիրներն են լուծում։ Եվ այսօր Մհեր Գրիգորյանն ասաց, որ սահմանազատում-սահմանագծումը Տավուշից սկսելու կամ Տավուշում իրականացնելու համաձայնություն Ադրբեջանի հետ չկա։ Մհեր Գրիգորյանն ասաց, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած 4 տեղանունների վերադարձի հետ կապված համաձայնություն չկա։
Արտաքին գործերի նախարարությունն առանձի՞ն է բանակցում Ադրբեջանի հետ։ Վերջերս մեզ չթողեցին այդ փաստաթղթերին ծանոթանալ, բայց երկու դրույթ կա՝ Ադրբեջանը մինչեւ հիմա չի համաձայնել, թե որ քարտեզի շուրջ է լինելու սահմանազատում-սահմանագծումը։ Ու մեկ էլ Նիկոլ Փաշինյանը հայտնվում է այստեղ՝ մի քարտեզ ձեռքը առած, որի մի երեսը բրոնզագույն է, բայց, ցավոք սրտի, մյուս երեսը սեւ է, եւ տավուշցիներին սպառնում է, հայ ժողովրդին սպառնում է, արձանագրում է, լեգիտիմացնում է Ադրբեջանի պահանջներն ու տարածքային հավակնությունները»,- ասաց Մանուկյանը։
Կարդացեք նաև
Գեղամ Մանուկյանը հարցադրում արեց․ «Որտեղի՞ց առաջ եկավ այս հարցը, ո՞ւմ հետ է Նիկոլ Փաշինյանն առանձին բանակցում, եթե իր սահմանազատման-սահմանագծման հանձնաժողովը դրա մեջ չկա, արտաքին գործերի նախարարությունը չկա։ Թե՞ պարզապես Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի սպառնալիքները Հայաստանում փոխանցող դեսպանն է, ոչ թե Հայաստանի վարչապետը»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ