Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվա փակ նիստում հստակ դարձավ՝ Նիկոլ Փաշինյանն ինքնագլուխ մեր երկիրը նոր պատերազմի մեջ ներքաշելու հայտարարություններ է արել». Գեղամ Մանուկյան

Ապրիլ 09,2024 17:57

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի մասին ասել էր. «Փակ նիստի ժամանակ նրանք տեղեկատվության մասնակից եղան եւ Գեղամ Մանուկյանը այդ հավաքից հետո դուրս էր եկել ու ասել՝ իմ լացը եկել է: Ես հասկացա, որ նա այնպիսի կարեւոր տեղեկատվության է արդեն տիրապետում, որ շատերի մոտ հպարտության արցունքներ կարող էին բերել»:

Aravot.am-ի հետ զրույցում Գեղամ Մանուկյանն ասաց. «Պետրոս Ղազարյանի տաղավարում էր այդ արտահայտությունը եղել, զարմանալի է, թե Պետրոսը ինչի է այդ օրը հատուկ իրեն հյուր կանչել: Հետո հիշեցի, որ Թատրոնի միջազգային օրն էր ու Անդրանիկ Քոչարյանը կամ «Արտավազդ» մրցանակաբաշխության «լավագույն դերասանի» մրցանակի պետք է գնար, կամ Պետրոսի մոտ գնար, գնացել է Պետրոսի մոտ:

Ստո՛ւմ է Անդրանիկ Քոչարյանը, որովհետեւ փակ նիստում մեր զինված ուժերի հետ կապված քննադատության մի ամբողջ շարք է ներկայացվել մեր կողմից:

Ցավոք սրտի, ես մեր երկիրը սիրում եմ, ի տարբերություն շատ իշխանավորների, դրա համար վաղը կառավարության հաշվետվությանը միգուցե ազգային անվտանգությանը հարված չհասցնեմ, բայց որոշ փակագծեր կբացեմ, որպեսզի պարզ լինի հայ մարդու համար, որ Հայաստանի իշխանությունը խաբում է, զինված ուժերի բարեփոխում… էդ ամեն ինչը ուղղակի աչքակապոցի է: Սպառազինությունների մասին ցավոք սրտի բաց չեմ կարող ասել, եթե լսեին՝ իրականում ինչ է կատարվել, սրանից հետո որեւէ հայ մարդ առավոտվանից գիշեր չէր ասի՝ բա զենք եմ բերել»:

Հարցին՝ այսօրվա փակ նիստում որեւէ նոր բան իմացա՞ք նա պատասխանեց. «Չէ, հստակ էր մեզ համար մի բան՝ սահմանագծման, սահմանազատման հանձնաժողովը, որը պաշտոնապես երկու երկրների կառավարությունների լիազորվածն է, լրիվ այլ ընթացքով է, աշխատակարգային հարցեր է քննարկում, ԱԳՆ-ն՝ լրիվ այլ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ բանակցում է, մեկ էլ օդապարիկով իջնում է Նիկոլ Փաշինյանը ու այդ երկու պաշտոնական գերատեսչություններից անկախ հայտարարում է 4 գյուղերի տարածքները հանձնելու մասին:

Հետեւաբար, եթե Մհեր Գրիգորյանի հանձնաժողովում այդ հարցը որոշում չի ունեցել, Արարատ Միրզոյանի ԱԳՆ-ում չի ունեցել, որտեղի՞ց Նիկոլ Փաշինյանին այդ վստահությունը եւ այդ նպատակաուղղվածությունը՝ կոնկրետ այդ հատվածում գնալ զիջումների:

Այսօրվա փակ նիստում հստակ դարձավ՝ Նիկոլ Փաշինյանն ինքնագլուխ մեր երկրին նոր պատերազմի մեջ ներքաշելու հայտարարություններ է արել, չկա որոշում, որ Տավուշում լինելու է սահմանազատում, սահմանագծում, չկա որոշում քարտեզների: Նշանակում է՝ Նիկոլ Փաշինյանը այսօր Ադրբեջանի պահանջներով միակողմանի զիջումների է գնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930