Հակակոռուպցիոն դատարանում այսօր, դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, շարունակվեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի եւ նրա ընտանիքի անդամների՝ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով գործի նախնական լսումները։
Պաշտպաններ Ամրամ Մակինյանը եւ Վահագն Դալլաքյանը միջնորդություն ներկայացրեցին, որի արդյունքում, ըստ պաշտպանական կողմի, չի բացառվում, որ այս եւ ՀՀ դատարաններում քննվող համանման այլ գործերի համար շրջադարձ լինի։ Խոսքը ՄԻԵԴ-ի՝ վերջերս կայացրած վճռի մասին է՝ «Յորդանովը եւ մյուսներն ընդդեմ Բուլղարիայի» գործով։ Դա, այսպես կոչված, չբացատրվող հարստության բռնագանձման մոդելի մասին է, իսկ այդ առումներով ՀՀ եւ Բուլղարիայի օրենսդրությունները բավական նման են։
Պաշտպան Վահագն Դալլաքյանի (լուսանկարում) փոխանցմամբ, ըստ ՀՀ դատախազության տված մեկնաբանության՝ չի պահանջվում, որպեսզի ապացուցվի ենթադրյալ հանցավոր արարքի եւ ենթադրյալ ապօրինի գույքի ձեռքբերման միջեւ պատճառահետեւանքային կապը․ «Հենց մեր գործով էլ նման որեւէ պատճառահետեւանքային կապ հիմնավորված չէ, չէր էլ կարող հիմնավորված լինել, որովհետեւ այդ ենթադրյալ հանցավոր արարքները տեղի են ունեցել 2014 եւ 2018 թվականներին, իսկ գույքերի զգալի զանգվածը ձեռք է բերվել շատ ավելի վաղ, ընդհուպ՝ տասնամյակներ առաջ»:
Համանման իրավիճակներում գույքի բռնագանձման մասին բուլղարական դատարանների որոշումները ՄԻԵԴ-ը համարել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային հակասող՝ վերահաստատելով ենթադրյալ հանցավոր արարքի եւ գույքի ձեռքբերման միջեւ պարտադիր պատճառահետեւանքային կապի առկայությունը։
Կարդացեք նաև
Ի դեպ, այս գործով «Հայէկոնոմբանկը» կեղծ փաստաթղթեր էր ներկայացրել եւ պաշտպանական կողմի բողոքի հիման վրա այս հարցով քրեական վարույթ էր սկսվել։ Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ նորություններ կան այդ մասով, Վահագն Դալլաքյանը պատասխանեց, որ արդեն 3-4 ամիս է անցել, բայց այդ վարույթով որեւէ տեղաշարժ չկա․ համենայնդեպս, պաշտպանական կողմը տեղեկություններ չունի։
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ