Լրահոս
Օրվա լրահոսը

2022 թվին, ինչ-որ բան է եղել, էդ ենթադրյալ արարքը կցել են սրան, ասում են՝ էս էլ է սրա հետ կապված, էս էլ ես դու արել. ահաբեկչության կազմակերպման մեղադրանքով անցնող Գագիկ Սարգսյանի որդի

Ապրիլ 09,2024 17:00

«Քննչական կոմիտեի երեկվա հաղորդագրությունից հետո եւս մեկ անգամ համոզվում եմ, որ իրեն քաղաքական հետապնդման են ենթարկում, որ իրերը իրենց անունով է կոչում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց 2024 թվականի փետրվարին Երևանի մի քանի հասցեներում պայթուցիկներ տեղադրելու և պայթեցումների միջոցով ահաբեկչության կազմակերպման մեղադրանքով անցնող դաշնակցական Գագիկ Սարգսյանի որդին՝ Արամ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ երեկ կոմիտեն հայտնեց, որ քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով՝ պարզվել է, որ Երևան քաղաքի Նոյ թաղամասի 143/1 տան բակում պայթյունի իրականացմանը, ինչպես նաև Երևան քաղաքի Գ.Գյուլբենկյան փողոցի 33-րդ շենքի և Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ պայթուցիկ սարքերի տեղադրման կազմակերպմանը, բացի վարույթով մեղադրյալ Գագիկ Սարգսյանից և ինքնությունները դեռևս չբացահայտված անձանցից, մասնակցել է նաև 42-ամյա Գ․ Վ․-ն:

Արամ Սարգսյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

«Սարքված, շինծու գործ է: Եթե հայրս տարիքով ավելի մեծ լիներ, շատ հանգիստ կարող էին Քենեդու սպանությունը իրեն մեղսագրել: Որեւէ լուրջ ապացույց չունեն հորս հետ կապված, որ ասում են, թե ահաբեկչության կազմակերպիչ է: Ընդամենը մի հեռախոսազանգի հիման վրա որոշել են, որ կազմակերպիչ է: Բայց այդ երկար բառակույտը, իրավական անգրագետ ձեւակերպումներով, այդքան հայտարարություն, որ արեցին, տպավորություն է թողնում, որ դեպքը վերցրել ու ահաբեկչության մասին հոդվածին սիրուն հարմարեցրել են:

Որ ասում են, թե կոնկրետ այսինչ պատգամավորին իրենց համար անընդունելի հայտարարություններից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով էս ինչ գործողություններն են արել, դա փաստացի ո՞նց է ապացուցվում, ուղղակի դատարկ խոսքեր են, ջուր է»:

Մեր զրուցակիցը նաեւ նկատեց, որ երեկվա հաղորդագրության մեջ նշված չէր նաեւ, թե կոնկրետ ինչ դեպքի մասին է խոսքը. «Ո՞ր թվին է եղել, ամսի քանիսի՞ն: Ինչքան գիտեմ՝ 2022 թվին ինչ-որ բան է եղել, այսինքն՝ 2022 թվին ենթադրյալ ինչ-որ արարք հիմա կցել են սրան, ասում են՝ էս էլ է սրա հետ կապված, էս էլ ես դու արել: Հաղորդագրության մեջ չեն նշել, որ թվականին, ամսի քանիսին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Գլխավոր լուսանկարը՝ Գագիկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930