Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեմագոգիայով են զբաղված․ Արթուր Սահակյանը՝ Սունդուկյան թատրոնի ղեկավարության մասին

Ապրիլ 09,2024 16:36

«Գոյ» թատրոնը տեղեկացրել էր, որ ժամանակավորապես դադարեցվել է թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանի ու մյուս անդամների նստացույցը, որպեսզի բանակցություններ սկսվեն «Գոյ» թատրոնի դուռը բացելու համար։

Aravot.am-ի հետ զրույցում թատրոնի ռեժիսոր եւ գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը հայտնեց, որ գրություն են տանում Սունդուկյան թատրոն՝ դռները բացելու վերաբերյալ․ «Նշել ենք, որ այս, այս բաների հիման վրա դռները պարտավոր եք բացել, բայց կարծում եմ՝ էլի չեն բացի։ Մենք ժամը 1-ից այստեղ ենք, իրենք շատ լավ տեսնում են, տեսախցիկ կա տեղադրված, իրենք ամեն ինչ ուսումնասիրում են: Ամեն առավոտ իրենց զանգում-ասում են՝ ով է եկել, ով չի եկել։ Հիմա սպասում ենք՝ փաստաթուղթը տանենք իրենց մոտ, վաղը, մյուս օրը դա էլ կկցվի դատական գործին, որ օրինական պահանջը չեն կատարել։ Անիմաստ քաշքշուկ, որից սարսափելի հոգնել ենք»։

Արթուր Սահակյանը հավելեց․ «Դեմագոգիայով են զբաղված, ամեն ինչ անում են, որ չպարտվեն, մենք էլ դատարաններից խուսափենք, բայց մինչեւ վերջ գնալու ենք, ուղղակի այս ամենը մեզ հյուծում է։ Փոխանակ մեր գործով զբաղվենք, զբաղված ենք դրանց հետ հարաբերություններ ճշտելով»։

Գ․ Սունդուկյան թատրոնի փոխտնօրեն Հրաչ Ներսիսյանն իջավ ներքեւ՝ հանդիպելու «Գոյի» ներկայացուցիչների հետ։ Նրան ներկայացրին, որ ապրիլի 5-ից սկսած՝ այն գործողությունները, որ Սունդուկյան թատրոնն իրականացնում է, պետք է կասեցվեն, նաեւ առաջարկեցին, որ երկու օրվա ընթացքում «Գոյի» դուռը բացվի, մինչեւ դատարանի վճիռ լինի։

«Ինչ, որ ասում էիք, գրության մեջ կա գրված, խնդրում եմ փոստով ուղարկեք մեզ, որովհետեւ այժմ իրավաբանն այստեղ չէ, մենք ձեզ սահմանված կարգով կպատասխանենք»,-ասաց Գ․ Սունդուկյան թատրոնի փոխտնօրենը։

Նա նաեւ ընդգծեց, որ «Գոյի» տարածքը պատկանում է Սունդուկյան թատրոնին, եւ ոչ մեկն իրենց գրավոր որոշում չի տվել, որ կատարեն «Գոյի» աշխատակազմի պահանջը։

Այնուհետեւ Սունդուկյան թատրոնի փոխտնօրենի ու «Գոյի» ներկայացուցչի միջեւ երկխոսություն ծավալվեց․

-Ես չհասկացա փոստով ուղարկելու պահը, դուք ժամանա՞կ եք ձգում։

-Ոչ, ուղղակի մեր իրավաբանն այստեղ չէ․․․ Բայց ուրախ եմ, որ բոլորի աչքի առաջ կարդացիք այն բովանդակությունը, որը պատրաստվում եք հանձնել մեզ։

-Ես կարող եմ առձեռն հանձնել։

-Այս պահին համապատասխան աշխատակից չկա․․․ Ո՞րն է պատճառը, որ չեք ուզում փոստով ուղարկել։

-Ժամանակը․․․ամենալավ ձեւը առձեռն հանձնելն է, սրա մասին նաեւ հրապարակային ծանուցվեց։

-Լավ, ես իրավաբանի հետ պետք է խոսեմ, հետո։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Գոյ» թատրոնի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930