Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ բացառում, որ Ադրբեջանն այս անգամ նաեւ լայնամասշտաբ հարձակման գնա, որ միանգամից խնդիրը լուծվի». Արմեն Ռուստամյան

Ապրիլ 09,2024 16:24

«Վերջերս Նիկոլ Փաշինյանն այցելել էր սահմանամերձ գոտի, որտեղ տարածքներ պետք է հանձնեն եւ ահաբեկել էր ժողովրդին պատերազմով: Բա եթե այդպես պարզապես հիստերիկ կրակում են, որեւէ վտանգ չկա, ուրեմն պետք չի նաեւ ժողովրդին վախեցնել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Նա ասաց, որ իշխանությունները ստեղծում են տպավորություն, թե ուրիշ ճանապարհ չունենք՝ պետք է հանձնենք ու ծրագիր ունեն կտոր-կտոր հանձնելու, Ադրբեջանի պահանջները բավարարելու. «Բանակցությունները հստակ միջազգային ձեւաչափով տեղի չեն ունենում, ինչ-որ բանավոր պայմանավորվածություններ են, որոնք զուգորդվում են սահմանային լարվածություններով, որպեսզի Ադրբեջանը, Թուրքիան ստանան իրենց համար ընդունելի արդյունքներ ու հասնեն իրենց նպատակին»:

Հարցին՝ խնդիրը միայն այդ 4 գյուղե՞րն են, թե՞ այդ կրակոցների նպատակն ավելի հեռու է գնում՝ նա պատասխանեց. «Իհարկե, հեռու գնացող է: Իրենք երբեք էլ կանգ չեն առել որեւէ պահանջի վրա, ժամանակին անկեղծության պոռթկում ունենալով՝ Նիկոլ Փաշինյանն ինքն է դա հաստատել: Ասում էր՝ մենք պատրաստ ենք զիջել, պարզապես չգիտենք՝ մինչեւ ինչքան զիջենք, որ իրենց բավարարենք: Ես գիտեմ՝ մինչեւ ինչքան պետք է զիջենք, որ բավարարենք մինչեւ հայկական ինքնության, հայկական գործոնի վերացումը եւ ՀՀ-ի վերածումը Արևմտյան Ադրբեջանի, սա է նրանց ուզածը ու բնականաբար դա իրականացվում է մեր շուրջ այս ահաբեկչական մթնոլորտը ստեղծելով: Մենք էլ անընդհատ ասում ենք՝ թույլ ենք, անկարող ենք, ամենաբարենպաստ պայմաններն ենք ստեղծում:

Ես չեմ բացառում, որ Ադրբեջանն այս անգամ նաեւ լայնամասշտաբ հարձակման գնա, որ միանգամից խնդիրը լուծվի: Լոկալ բախումներով հասել է լոկալ արդյունքների, բայց այս անգամ կարծում եմ՝ իրենց նպատակը շատ ավելի գլոբալ է ու այդ գլոբալ խնդիրը լուծելու համար մենք ինքներս պատերազմով այդ հարցը լուծելու պարարտ հող ենք ստեղծել: Երբ որ մենք ասում ենք, որ այդ տարածքներն իրենցն են, արդեն հրավիրում ենք, որ այդ տարածքներ մտնեն ցանկացած եղանակով, այդ թվում նաեւ զորքով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930