«Երկու խնդիր կա. առաջին այն է, որ Ադրբեջանը փորձում է ճնշումը մեծացնել ու այս դեպքում դա ոչ թե արտահայտվում է բուն սպառնալիքների կամ բանակցային գործընթացներում հնչող կոշտացող բառապաշարով, այլ կոնկրետ առաջնագծում: Ընդ որում, վերջին մի քանի օրերին թիրախավորում են նաեւ խաղաղ բնակավայրերը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նա նշեց, որ որքան էլ իշխանությունները բնակավայրերի ուղղությամբ կրակոցները ներկայացնում են «անկանոն կրակոցներ», այնուամենայնիվ, դրանք կարող էին նաեւ մահվան պատճառ լինել խաղաղ բնակչության շրջանում:
Տիգրան Աբրահամյանն ասաց, որ այս պահին ինքը լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավորություն չի տեսնում. «Տավուշի գյուղերի հետ կապված բավականին ցավալի այդ դիսկուրսի ակտիվացումը Ադրբեջանում ունի հետեւյալ նպատակը. կա հաշվարկ 4+4 բանաձեւով, այսինքն, Ադրբեջանին սահմանակից 4 գյուղերի եւ այսպես կոչված անկլավների հանձնումը, որոնցից մեկը Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղն է, դրանց հանձնումը ՀՀ-ի համար բավականին խոցելի իրավիճակ է ստեղծելու: Պաշտպանություն կազմակերպելը այդ ուղղություններով դառնալու է բավականին ծանր, էլ չեմ խոսում ենթակառուցվածքային խնդիրների մասին»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ