«Անկապ բան են անում, փակ նիստը չի նշանակում գաղտնիության ռեժիմ: Ես չեմ ստորագրել, որովհետեւ ես չեմ համարում, որ պատգամավորը պետք է հատուկ թույլտվություն ունենա ինչ-որ ռեժիմների մասնակցելու: Ինչ է նշանակում խորհրդարանական երկրում ես պիտի դիմեմ, որ ինձ թույլ տան գաղտնիության հասանելիություն ունենալ»,- այսօր ԱԺ նիստերի դահլիճից դուրս գալով՝ Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Ինչպես հայտնի է, քիչ առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշեց, որ ընդդիմությունից 8 պատգամավորներ չեն կարող մասնակցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ փակ նիստին՝ սահմանազատման հարցերի թեմայով: Ընդ որում, այդ նիստը հրավիրվել էր ընդդիմադիրների առաջարկով:
Արմեն Ռուստամյանն ասաց, որ եթե իրենք որեւէ տեղ խախտում անեին ու հրապարակեին գաղտնիք, թող իրենց արգելեին. «Ես հատուկ սկզբունքորեն չեմ դիմում, որ ստանամ այդպես ասած իրավունքը գաղտնիությունը ձեռք բերելու: Հիմա քանի որ փակ են անում ու որոշել են, որ փակ գաղտնի է, ես էլ գաղտնիությանը հասանելիություն չունեմ, ուրեմն պետք է չմասնակցեմ այս նիստին, աբսու՛րդ է: Հիմա եթե այս քննարկումից քվեարկություն բխի ու բխելու է, ես գիտեմ, քվեարկությունից ինձ չեն կարող զրկել, որովհետեւ դա պատգամավորի սրբազան իրավունքն է, բայց այդ պարագայում բոլոր քվեարկությունները կդառնան անօրինական: Այս ամեն ինչը դառնում է քմահաճույքով իրականացվող բան»:
Հարցրեցինք՝ անակնկա՞լ էր ձեզ համար Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ նա պատասխանեց, որ այո, քանի որ գիտեր, որ պետք է փակ լինի, բայց ոչ թե գաղտնիության ռեժիմ կիրառեին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ գաղտնիության ռեժիմին հասանելիություն չունենալու պատրվակով քննարկմանը թույլ չտվեցին մասնակցել նաեւ ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, պատգամավորներ Լեւոն Քոչարյանին, Ասպրամ Կրպեյանին եւ այլոց:
Արմեն Ռուստամյանն ասաց, որ սա հասարակական հետաքրքրություն ունեցող հարց է ու այդ նիստը փակ անելն էլ իրենց համար անընդունելի է. «Մենք խնդիրը չենք լուծում, բնականաբար, բայց իրենք պատրաստ չեն բաց քննարկման: Իրենք խոսում են թափանցիկությունից, բացությունից, բայց իրականության մեջ իրենք ամեն ինչ փակ են անում, գաղտնի, ժողովրդի թիկունքում էլ որոշումների կայացման մեծ փորձ ունեն»:
Երբ Արմեն Ռուստամյանն իմացավ, որ փակ նիստին ներկա պատգամավորների հեռախոսներն էլ հավաքել են, ծիծաղեց. «Աբսուրդը հասնում է իր գագաթնակետին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ