Ապրիլի 8-ին Հյուսիսային Ամերիկան ականատես եղավ Արեգակի ամբողջական խավարման։ Այն տեղի է ունենում, երբ լուսինն անցնում է Երկիր մոլորակի և Արեգակի միջով՝ այդպես արգելափակելով արևի տեսանելիությունը մեր մոլորակի բնակիչների համար։ Խավարման ընթացքում արևին կարելի է նայել միայն հատուկ պաշտպանիչ ակնոցներով։
Տեխասի Դալլաս քաղաքը, որտեղից ես էի հետևում այս բացառիկ տիեզերական երևույթին, գտնվում էր ամբողջական խավարման գոտում։ Այստեղ երկինքը սկսեց մթնել ժամը 12:23-ին, իսկ ամբողջական խավարումը մեկնարկեց 13:41 րոպեին և տևեց գրեթե չորս րոպե։ Արեգակի տեսանելիությունն ամբողջությամբ վերականգնվեց 15:02 րոպեին։
«Խոսքեր չունեմ։ Մանկուց երազել եմ տեսնել Արեգակի ամբողջական խավարում», – Aravot.am-ի հետ կարճատև զրույցում ասաց «Founders» դասական ակադեմիայի ուսուցիչներից Մայքլ Ուիլիսը՝ ավելացնելով, որ թեև Արեգակի խավարման էլի է ականատես եղել, նա չի գտնվել ամբողջական խավարման գոտում։
Կարդացեք նաև
Այս օրերին խավարման գոտում գտնվող բնակավայրերն ընդունել են տիեզերագիտության և բնության հազարավոր էնտուզիաստների, ովքեր ցանկանում էին իրենց աչքով տեսնել այս հազվադեպ իրադարձությունը։
Գիտնականների կանխատեսմամբ՝ Արեգակի ամբողջական հաջորդ խավարումը Հյուսիսային Ամերիկայում տեղի չի ունենա մինչև 2044 թվականի օգոստոսի 23-ը, իսկ Հայաստանում ամբողջական խավարում է սպասվում 2060 թվականի ապրիլի 30-ին:
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Տեխաս, ԱՄՆ