ԱԺ նիստում որոշվեց «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրը» հրատապ թեմայով քննարկումն անցկացնել փակ նիստով։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ առաջարկվում է քննարկմանը հարակից զեկուցման հնարավորություն տալ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին եւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։
«ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդը պաշտոնական գրությամբ առաջարկել է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրը հրատապ թեմայով քննարկումն անցկացնել ԱԺ փակ նիստում»,- ասաց Սիմոնյանը։
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց․ «Հաշվի առնելով, որ հարցն ունի բազմաթիվ նրբերանգներ, հրապարակային քննարկումները կարող են որոշակի ռիսկեր առաջացնել ՀՀ պետական անվտանգության տեսանկյունից, ուստի մենք առաջարկում ենք եւ քվեարկելու ենք կողմ, որպեսզի նիստը տեղի ունենա փակ ռեժիմով»։
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց․ «Արձանագրենք, որ փակ քննարկումը չի նշանակում պետական գաղտնիքի տեղեկատվության ներկայացում։ Հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի էությունը հենց այնպիսին է, որ ինքը հանրությանն է հետաքրքրում։ Դրա համար է, որ մենք կողմ ենք բաց անցկացնելուն եւ դեմ ենք քվեարկելու այս որոշմանը»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ փակ նիստ անելը, հայ հասարակությունից թաքցնելը շատ ձեւական է, որովհետեւ դահլիճում նստածների մոտ կան բջջային հեռախոսներ, եւ ցանկացած պահի այդ հեռախոսները հակառակորդի կողմից գաղտնալսման վտանգ են ստեղծում։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ես ընդունում եմ պարոն Մանուկյանի առաջարկը, մենք հեռախոսներն էլ կհանենք, եթե խնդիրը դա է։ Պարոն Մանուկյան, դուք երեւի տեղյակ չեք, բայց մեր նիստերը նայում է ոչ միայն հայ հանրությունը։ Քննարկմանը կարող է ակամայից ինչ-որ բան լինել, որ պետական գաղտնիք հանդիսանա։ Պատգամավորները գաղտնիք կրող են, ես զարմանում եմ, որ դուք նման հարց եք բարձրացնում։ Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, այն մասով, որով գաղտնի չեն եւ հայ հասարակությանը վերաբերելի են, ՀՀ իշխանությունները ներկայացնում են։ ՀՀ ընդդիմությունը դրանից գոհ չէ եւ նախաձեռնել է այս լսումները։ Իշխող մեծամասնության իրավունքն է, հաշվի առնելով բովանդակությունը, նման առաջարկով հանդես գալ ու դա դնել քվեարկության»։
Հարցը դրվեց քվեարկության, ՔՊ խմբակցությունը կողմ քվեարկեց, որոշվեց նիստն անցկացնել փակ։
Ալեն Սիմոնյանն ասաց, որ գաղտնիության իրավունք չունեցող պատգամավորները չեն կարող մասնակցել նիստին։ Նա նշեց, որ ՔՊ խմբակցությունից Դավիթ Կարապետյանը չի կարող մասնակցել նիստին, քանի որ նոր պատգամավոր է։ «Նիստին չեն կարող մասնակցել նաեւ Արմեն Գեւորգյանը, Ասպրամ Կրպեյանը, Արման Ղազարյանը, Մհեր Մելքոնյանը, Արմեն Ռուստամյանը, Մհեր Սահակյանը, Արթուր Սարգսյանը, Լեւոն Քոչարյանը, Սեյրան Օհանյանը։ Սա իմ որոշումը չէ, սա օրենքի պահանջն է, եւ ես չեմ կարող օրենք խախտել, որովհետեւ հետո ինձ հարցեր կուղղվեն, թե ինչո՞ւ են փակ նիստին մասնակցել մարդիկ, որոնք չունեն գաղտնիության թույլտվություն»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Նա հինգ րոպե ընդմիջում հայտարարեց՝ նշելով, որ այդ ընթացքում նիստին մասնակցող պատգամավորները կհանձնեն հեռախոսները։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ