Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը «Հայելի» ակումբում իր խոսքը սկսեց Տավուշին վերաբերող խնդիրներով՝ նշելով, որ Տավուշը մեծ ծրագրի մի մասն է: Եվ այն թեզը, թե Ադրբեջանին հանձնվելու են ընդամենը չորս գյուղեր, մանիպուլյացիա է, քանի որ դրանից հետո մարզի մի շարք հայկական գյուղեր ընկնելու են շրջափակման մեջ եւ մեռնելու են:
Տիկին Ադիբեկյանն իր ասածները տեսանելի հիմնավորեց պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հրապարակած քարտեզներից մեկով: «Գտնվել շրջափակման մեջ նշանակում է, որ մարդիկ սկսելու են լքել իրենց բնակավայրերը: Իսկ դատարկ բնակավայրերը ադրբեջանական հովվամտության ներքո սկզբում շատ արագ որպես յայլաներ բնակեցվելու են հովիվներով, որոնք իրենց ոչխարները կարածացնեն մեր տարածքներում, հետո կգան նրանց կանայք ու երեխաները: Եվ մի 10-15 տարի հետո այնտեղ կգոյանա պաշտոնական ադրբեջանական բնակավայր:
Այս նոր քարտեզներին նայելով՝ պարզ երեւում է, որ վտանգված է լինելու նաեւ Լոռու մարզը, դեպի ուր բառի բուն իմաստով ոտքի ճանապարհ է: Այնպես որ, Լոռիի կորուստն արդեն տեսանելի ժամանակահատվածի հարց է: Էլ չեմ ասում Գեղարքունիքի, Շիրակի եւ մնացած մարզերի մասին:
Եթե այս պլանն իրագործվի, Երեւանից մնալու է միայն Կասկադը եւ այն ռեստորանը, որտեղ Աննա Հակոբյանը ձեզ կհրավիրի մեկ միլիոնով թեյ խմելու: Ու սա տեսանելի ապագայի թեմա է:
Կարդացեք նաև
Տավուշից չորս գյուղեր տալով՝ չորացվելու են եւս տասնյակ բնակավայրեր ու հայազրկվելու, հայաթափվելու է մի ամբողջ մարզ: Փակվող ճանապարհների մասին արդեն այնքան եմ ասել, որ արդեն ամաչում եմ կրկնվել:
Սա նշանակելու է, որ Հայաստան-Եվրոպա շատերի սիրելի ճանապարհը փակվելու է եւ Ադրբեջանն է որոշելու՝ «Սպայկայի» ծիրանով ֆուռերը կհասնե՞ն Ռուսաստան, Եվրոպա, արտաքին աշխարհ: Դրան գումարենք Սյունիքի օտարումը, որտեղ էլ դեպի Իրան գնացող ճանապարհները լավագույն դեպքում վերահսկելու են Ադրբեջանը, իսկ վատագույն դեպքում ստիպված ենք լինելու Ադրբեջանի տարածք մտնել: Այսինքն, ամբողջ Հայաստանի հետ տեղի է ունենալու նույն բանը, ինչ Տավուշի՝ ստրատեգիական այս չորս գյուղերը հանձնելուց հետո»,-ասաց Արմինե Ադիբեկյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ