Առաջին անգամ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ գրքի շնորհանդես:
Ապրիլի 6-ին կայացավ «Թունելից 13 կմ հեռավորության վրա» բեսթսելլերի հեղինակ Ռուբեն Եսայանի երկրորդ` «Վանականները ունեն գաղտնիք» գրքի շնորհանդեսը: Գրքի առաջին շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 17-ին` «Մոսկվա» կինոթատրոնում, սակայն շնորհանդեսին մասնակցել ցանկացողների թիվն այնքան մեծ էր, որ կազմակերպվեց երկրորդ`ավելի մեծ շնորհանդեսը: Այս ընթացքում բեսթսելլեր դարձած գիրքը Հայաստանի Ամերիկյան համալսարանի երեք ուսանողի մասին է, ովքեր ուսումնական ծրագրով մեկնում են Միացյալ Նահանգներ եւ այնտեղ նրանց հետ տեղի են ունենում սարսափելի դեպքեր:
Հեղինակի խոսքով` գրքում տեղ են գտել միստիկան, դետեկտիվը եւ հոգեւոր թեմաները: Գրքի շնորհանդեսը մասնակիցների մեծաթիվ քանակության պատճառով իրականացվել է երեք սեանսով: Երեք սեանսի ընթացքում դահլիճը լեփ-լեցուն էր: Ընդհանուր առմամբ՝ մասնակցեց 6000 մարդ:
Շնորհանդեսը լի էր անակնկալներով: Երկրորդ գրքից բացի, նաեւ տեղի ունեցավ Ռուբեն Եսայանի Duo բենդի շնորհանդեսը, բենդի երկու երգի պրեմիերա: Երկու երգի թե՛ խոսքերի, թե՛ երաժշտության հեղինակը Ռուբեն Եսայանն է:
Շնորհանդեսի ընթացքում հեղինակը հայտնեց իր երրորդ գրքի անվանումը: Այն հեղինակի առաջին գրքի շարունակությունն է` «Թունելից 13 կմ հեռավորության վրա 2»:
Ռուբեն Եսայանը նաեւ պատասխանեց շնորհանդեսի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Պայծառ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.04.2024
Արհեստական ինտլեկտով պապիս պապն էլ կգրի: