Լրահոս
Օրվա լրահոսը

Խիստ անընդունելի են նախագծում առկա որոշ ձևակերպումներ: Բռնության կանխարգելումը չպիտի ծառայեցվի որպես առիթ` ընտանիքի ավանդական ընկալման ձևախեղման համար. Մայր Աթոռ

Ապրիլ 09,2024 13:49

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

««ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Խիստ տարակուսանքով տեղեկացանք, որ Ազգային ժողովում վերստին քննարկման է դրված ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի խնդրահարույց նախագիծը:

Եկեղեցին ողջունում է յուրաքանչյուր նախաձեռնություն, այդ թվում և իրավական փաստաթուղթ, կոչված բացառելու բռնությունն ինչպես ընտանիքում, այնպես և սոցիալական որևէ այլ միջավայրում: Բռնության ցանկացած դրսևորում դատապարտելի է, և բոլոր մարդիկ գտնվում են Աստծո անփոփոխ խնամքի ներքո, քանզի Սուրբ Գիրքը վկայում է Տիրոջ խոսքը, թե. «Ես նրանց համար Աստված պիտի լինեմ, և նրանք ինձ համար պիտի լինեն որդիներ» (Հայտն. 21.7):

Այսուհանդերձ, խիստ անընդունելի են նախագծում առկա որոշ ձևակերպումներ և հասկացություններ:

Մասնավորաբար` նախագծի վերնագրում և բովանդակության մեջ ներդրված «կենցաղային բռնություն» հասկացությունը խիստ անորոշ է ու տարածական, հակասում է ընտանիքի ներսում բռնությունների կանխարգելման նպատակին և արհեստականորեն ընդլայնում է օրենքի կարգավորման տիրույթը:

Առավել քան մտահոգիչ է նախագծում «զուգընկեր» հասկացության նորամուծությունը, որտեղ սահմանվում է. «զուգընկեր՝ անձ, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից»: Սրան զուգահեռ` նախագծում որևէ ձևով չի բացառվում, որ զուգընկեր կարող են համարվել նաև նույնասեռ անձինք, որոնց միությունը, ըստ էության, հավասարեցվելու է ընտանիք հասկացությանը:

Ընտանիքը տղամարդու և կնոջ սիրո միությունն է` Աստծո կամքի մեջ միավորված և սերնդագործությամբ օրհնված: Ընտանիքի ավանդական ընկալումը գոյաբանական նշանակություն ունի մեր ազգի համար և չի կարող սակարկման առարկա լինել:

Հետևաբար, բռնության կանխարգելումը չպիտի ծառայեցվի որպես առիթ` ընտանիքի ավանդական ընկալման ձևախեղման համար։ Բռնության, ինչպես և ցանկացած այլ չարիքի կանխարգելումը և դրա դեմ պայքարը պետք է իրագործվի այնպիսի միջոցներով, որոնք պատճառ չեն դառնա չարիքի խորացմանն ու նոր բռնության:

Արդ, հաշվի առնելով վերը նշված, ինչպես և մի շարք այլ մտահոգիչ ձևակերպումներ ու նորամուծություններ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Իրավախորհրդատվական հանձնախումբն անընդունելի է համարում նմանօրինակ նախաձեռնությունը և հորդորում է Ազգային ժողովի խմբակցություններին և պատգամավորներին մերժել նախագծի ընդունումը:

Յուրաքանչյուր պատգամավորի քվեարկության արդյունքը ակներև է դարձնելու նրա վերաբերմունքն ու պատասխանատվությունն իր իսկ ընտանիքի, իր իսկ երեխաների և սերունդների նկատմամբ ու հավատարմությունը քրիստոնեական ավանդական ընտանեկան արժեքներին:

Ազգային ժողովի պատգամավորներին մաղթում ենք արդյունավոր ծառայություն` ի նպաստ մեր երկրի զորացման և ազգային մեր ինքնության ամրապնդման:

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930