Վերջին 3-4 տարիներին թշնամին Մովսեսի ուղղությամբ չէր կրակել։ Մովսես գյուղի վարչական ղեկավար Արմեն Փոլադյանն ասաց՝ այս պահին գյուղում հանգիստ է, վերջին կրակոցը լսել են ապրիլի 6-ի առավոտյան՝ 5-ն անց կեսի սահմաններում, հետո թշնամին լռել է։ «Թիրախավորել են գյուղը, նախնական տվյալներով՝ 6 բնակարան է վնասվել, բայց հնարավոր է՝ թիվն աճի։ Գյուղում բնակարաններ կան, որ փակ են, տերերը գյուղում չեն, պետք է բացեն, որ հասկանանք։ Գերեզմանոցի ուղղությամբ նշանառու կրակոց է եղել, երկու գերեզմանաքար է ջարդվել»,- պատմում է Փոլադյանն ու ավելացնում, որ գյուղում խուճապ չկա։ Նրա կարծիքով, թշնամին փորձում է սադրել, որ պատասխան լինի հայկական կողմից։ Պատճառն Ադրբեջանի ախորժակն է, բայց, ինչպես վստահեցնում է Մովսեսի վարչական ղեկավարը, «գյուղից ոչ ոք դուրս չի գալու, եթե կռիվ եղավ, կռվելու ենք»։
Քաղաքական իշխանությունը «հիստերիկ դրսեւորումներ» է անվանում Ադրբեջանի վերջին օրերի սադրանքները։ «Ապակիները կվերանորոգենք, ամեն ինչ կանենք, որպեսզի նման կրակոցներն ունենան գնահատվելու հնարավորություն, նաեւ՝ եվրադիտորդների մակարդակով։ Եվ կհասնենք նրան, որ կրակոցներ չլինեն»,- նախօրեին ասել էր ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը։
Տավուշի մարզի սահմանամերձ մեկ այլ գյուղի համայնքապետը, որի խնդրանքով անունը չենք հրապարակի, ի պատասխան այս հայտարարության, ասաց․ «Եթե դեմարկացիա են անում, թող Բագրատաշենից սկսեն, ոչ թե միակողմանի զիջումներ անեն։ Որպես հայ, որպես տավուշեցի, որպես իմ հողուջրի մարդ՝ ես դեմ եմ, բայց մեր կարծիքն ո՞վ է հաշվի առնում, ո՞վ է մեզ հարցնում»։ Մեր զրուցակիցը դեմ է, որ սահմանագծման ու սահմանազատման գործընթացը, որից այդքան խոսում են իշխանությունները, Տավուշի հայտնի 4 գյուղերից սկսվի, որոնք Ադրբեջանը պահանջում է։
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի կարծիքով, հենց այս վերջնագիրն է սահմանային լարվածության պատճառը։ «Այդ վերջնագիրն ստանալուց հետո Փաշինյանը շտապեց Տավուշի մարզ՝ մարդկանց համոզելու՝ դուրս գալ այդ բնակավայրերից եւ դրանք հանձնել Ադրբեջանին։ Ստանալով թե՛ տավուշցիների, թե՛, առհասարակ, ՀՀ բնակչության ոչ բարեհաճ արձագանքը, հավանաբար, Փաշինյանը որոշել էր մի քիչ ավելի մեղմ ու դանդաղ իրագործել այդ գործընթացը, բայց ենթադրում եմ, որ Ադրբեջանին դա չի բավարարել, եւ այս սահմանային կրակոցներով Ալիեւը փորձում է արագացնել գործընթացը»,- ասում է Խաչատրյանն ու հարցնում․ «Որ Անդրանիկ Քոչարյանի տան վրա անկանոն կրակեն, եւ ապակիներ փշրվեն, ինքն այդքան հանգիստ կլինի՞, կամ՝ Կոնդի ամառանոցների վրա անկանոն կրակոց լինի, եւ ապակիները փշրվեն, կառավարությունը եւ իշխող խմբակցությունը հանգիստ կլինե՞ն»։
Կարդացեք նաև
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: