«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը Ոսկեպարից համացանցով ահազանգ է հնչեցրել. «Ինչպես գիտեք, մենք գտնվում ենք Ոսկեպար գյուղում: Քիչ առաջ Ոսկեպար այցելեց ԵՄ դիտորդական առաքելությունը: Եվ երբ ծավալվեց քննարկում գյուղի բնակիչների հետ, հանկարծ պարզ դարձավ, որ դիտորդական առաքելությունը Իջեւանից Ոսկեպար հասնելու համար 30 կմ-ի փոխարեն ամեն անգամ կտրում-անցնում է մոտ 200 կիլոմետր ճանապարհ:
Եվ իմ այն հարցին, թե ինչով է պայմանավորված այդքան երկար ճանապարհը, նրանք ասացին, որ իրենք գործում են հստակ կանոնակարգի շրջանակներում եւ իրենք չեն ուզում որեւէ կերպ պրովոկացիայի ենթարկել Ադրբեջանին, քանի որ այս տարածքները նրանք համարում են Ադրբեջանինը եւ դեռեւս վիճելի տարածքներ են: Այդ պատճառով իրենք պրովոկացիայից խուսափելու համար Իջեւանից Ոսկեպար են գալիս Վանաձորով:
Պատկերացնո՞ւմ եք ինչ է ստացվում: Եվրամիության դիտորդական առաքելությունը գործելով Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում՝ փաստացի կասկածի տակ է դնում տարածքային ամբողջականությունը առանց որեւէ գործընթացի: Առանց դելիմիտացիայի, դեմարկացիայի կասկածի տակ է դնում Հայաստանի սուվերեն տարածքը եւ առաջնորդվում է ադրբեջանական քարտեզներով:
Բնականաբար, այս գործընթացը չէր կարող տեղի ունենալ առանց իշխանության համաձայնության:
Կարդացեք նաև
Դա լինի միջազգային կազմակերպություն, լինի դիտորդական առաքելություն, լինի Հայաստանի Հանրապետության իշխանություն, որեւէ մեկը չի կարող սակարկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը, մեր հայրենիքը, մեր հողը: Սրանում մենք պետք է համոզված լինենք: Սակայն դրա համար մեզ բոլորիս պետք է մեր համախմբվածությունը այս հարցի շուրջ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ