Ինչպիսի մշակութային քաղաքականություն ցուցաբերել հայոց քաղաքակրթությունը տարածելու եւ հայ մտավոր ներուժը համախմբելու համար, ո՞րն է հետազոտող-գիտնականի դերը քաղաքակրթության տարածման գործում: Այս եւ այլ թեմաներ քննարկվեցին Ցանցային Պետությունը նախաձեռնած «Հայագիտության քաղաքականության զարգացումը» թեմայով վեբինարի ժամանակ, որի ընթացքում իրենց արժեքավոր փորձով եւ խորհուրդներով կիսվեցին հայտնի գիտնականները:
Ցանցային Պետության հոգաբարձուների խորհրդի անդամ Նվարդ Անդրեասյանը նշեց, որ Ցանցային Պետությունը մեծ ջանքեր է գործադրում հայագիտության ոլորտում բոլոր բաղադրիչները աշխարհին հասանելի դարձնելու համար, ու այդ ամենն անում է հայերեն Վիքիպեդիայի հետ միասին: Նպատակը հայագիտությունը մասնագիտական շրջանակից հանելն է ու մեր ձայնը աշխարհին լսելի դարձնելը: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց նման գործունեություն ծավալած հարյուրավոր հայ եւ օտարազգի գիտնականներին:
Հրաչ Մարտիրոսյանը, որը Լեյդենի համալսարանում պաշտպանելով «Studies in Armenian Etymology with Special Emphasis on Dialects and Culture» ատենախոսությունը ստացել է Համեմատական լեզվաբանության դոկտորի աստիճան, նշեց. «Հատկապես նկատի ունենալով, թե ինչ ժամանակներում ենք ապրում, պիտի հասկանանք, որ ակադեմիական գիտությունը եւ քաղաքականությունը իրարից անբաժանելի են, սակայն դրանք պետք է անպայման միասին եւ գործեն, եւ պետք է անջրպետ լինի այն առումով, որ քաղաքականության հուսահատությունը կամ հարակից բացասական զգացողությունները չփորձեն փոխել մեր ակադեմիական գործելակերպը:
Հաճախ նույնիսկ ակադեմիական շրջանակներում հատկապես պարտությունից հետո լսում ենք, թե տեսեք Ադրբեջանն ինչեր է անում, ինչպես է զարգացնում իր քաղաքականությունը, ամեն տեղ իր սխալը, իր կեղծիքները կարողանում է առաջ տանել, միջազգային հանրության մեջ ստեղծել իր ասելիքները, իր նարատիվները ու մեզանում սկսում են նույնիսկ թիրախավորել ակադեմիական գիտնականներին, որոնք մինչեւ պատերազմն ամեն ինչ անում էին, որ ակադեմիական գիտությունը մնա իր բարձունքի վրա, որ չփորձենք գիտությունը ծռմռել, հայագիտական գիտակարգերը հարմարեցնել հայակենտրոն գաղափարներին՝ մեր միջազգային պայքարի համար: Մենք բացարձակապես դրա կարիքը չունենք՝ ի տարբերություն ադրբեջանական եւ թուրքական կեղծարարության, որովհետեւ նրանք պատմական նոր շրջանի ներխուժողներ են այս տարածաշրջան եւ գիտությունը ծռմռելը, խեղաթյուրելը նրանց համար կենսական գիծ է»:
Հրաչ Մարտիրոսյանի ձեւակերպմամբ, ակադեմիական, քաղաքական, դիվանագիտական պայքարները պետք է միասին ընթանան: Նրա խոսքով. «Այս պահին հայագիտության կարեւորագույն խնդիրներից մեկը Սյունիքում, Արցախում հայկականության շարունակական ներկայության ամրապնդումն է եւ դա ամեն շեփորներով միջազգային հանրությանը հասցնելը»:
Գերմանացի հայագետ, պրոֆեսոր Տեսսա Հոֆմանը, որը «Աշխատանքային խումբ՝ ընդդեմ ցեղասպանության, հանուն միջազգային փոխըմբռնման» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահն է, անդրադարձավ հայկական մշակույթի առանձնահատկություններին, Հայոց ցեղասպանությանը, Սփյուռքում հայկական համայնքներում հայկական մշակույթի պահպանության անհրաժեշտությանը:
Նրա խոսքով, այսօր 10 միլիոն հայ է ապրում պատմական հայրենիքի սահմաններից դուրս, իսկ հայկական մշակույթը ինքնությունը պահպանելու նախապայման է: Նա նաեւ փաստեց, որ ցավոք, հայկական մշակութային ժառանգությունը հայտնվելով Թուրքիայի եւ Ադրբեջանի տիրապետության ներքո, այժմ վտանգված է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ