Aravot.am-ի տեղեկություններով՝ ապրիլի 4-ին Փարաքար համայնքի համայնքապետարանի կրթության բաժնի պետ Նելլի Սողոյանը հանցագործության մասին հաղորդում է տվել՝ իրավապահներին հայտնելով, որ համայնքապետ Դավիթ Մինասյանն իրեն կարգապահական տույժ է տվել ու գյուղապետարանի շենքից դուրս է հրավիրել: Համայնքապետարանի աշխատակիցը նույն օրը երեկոյան էլ է դիմել իրավապահներին՝ հայտնելով, որ հնարավոր է իրեն սպանեն, խնդրել է շուտ մոտենան համայնքապետարան:
Ըստ Նելլի Սողոյանի հաղորդման՝ ապրիլի 4-ի երեկոյան ինքը՝ գտնվելով համայնքապետարանի տնտեսվարի աշխատասենյակում, աշխատասենյակ է մտել համայնքապետ Դավիթ Մինասյանը՝ «Մինասյան» դաշինքի անդամ, արհամարհական վերաբերմունք ցուցաբերել իր նկատմամբ ու բղավելով՝ անպարկեշտ արտահայտություններ, հայհոյանքներ և սպառնալիքներ է հնչեցրել իր հասցեին, ապա պահանջել է ազատել աշխատասենյակը և այլևս չվերադառնալ համայնքապետարան:
Նելլի Սողոյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունները. «Իրականում ինքն ինձ պարտադրում է, որ դիմումս գրեմ դուրս գամ աշխատանքից: Ես էլ ասում եմ՝ օրինական հիմք ունե՞ք, ազատեք, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում: Կամ եթե ցանկություն չունեք իմ հետ աշխատելու, կարող եք քաղաքակիրթ ձեւով կանչել, ասել, որ մեր համատեղ աշխատանքն այլեւս չի ստացվում, ոչ թե մի քանի վկաների ներկայությամբ անվայելուչ պահվածքով ասի՝ դիմումդ գրի ու ստեղից ս.ր եղիր: Ես ՏԻՄ-ում 7 տարի աշխատել եմ, նմանատիպ պահվածք որեւէ մեկից, համայնքապետից չեմ տեսել:
Վայ, նույնիսկ խոսելուց եմ ինձ վատ զգում: Նա ունի իր թեկնածուն, որին խոստացել է, թե հեսա իմ հարցերը կլուծի, ու իրեն կբերի: Նույնիսկ կարգապահական տույժ է տվել ինձ առանց իրավական հիմքի, կարգադրության մեջ գրել է աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, բայց հիմքն ո՞ւր է: Ինքն ինձ դուրս էր հրավիրում համայնքապետարանից, որովհետեւ իր տված կարգապահական նախազգուշացումը բողոքարկել եմ դատական կարգով, դրանից հետո եկավ, թե բա էս դատի ես տվե՞լ, աղջի՛, ու շարունակեց անվայելուչ ձեւով, ես էլ իրավապահներին կանչեցի, որովհետեւ իրական սպառնալիքներ կային իր ասածի մեջ»:
Համայնքապետարանի աշխատակցի հաղորդման հիման վրա առերևույթ հանցավոր արարքի՝ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով:
Հիշեցնենք, որ համայնքապետ Դավիթ Մինասյանի անունն առաջին անգամ չէ, որ առնչվում է խուլիգանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթների: Նա անցած տարի կրկին ապրիլին, ըստ իրավապահների, խուլիգանական արարքներ էր թույլ տվել Կալիֆորնիա գիշերային ակումբում:
«Դատալեքսից» էլ տեղեկանում ենք, որ դեռ 2009-ին նա «Սկառլետ» կարաոկե բարում վիճաբանել է Դավիթ Փիլոյանի հետ, որից հետո զրուցելու նպատակով պայմանավորվել են հանդիպել Ճառագայթային փողոցի Ա շենքի բակում, որտեղ վերջինս վիճաբանել է Դ. Փիլոյանի և ընկերների հետ, և իր մոտ եղած հրազեն չհանդիսացող օդամղիչ ատրճանակով կրակել է եղբայրներ Գևորգյանների ոտքերի ուղղությամբ՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք: Մինասյանը 2009-ին դատարանի որոշմամբ՝ դատապարտվել է ազատազրկման 5 տարի ժամկետով, Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ