Լրահոս
Օրվա լրահոսը

«Տավուշում ուզում են այսպես ասած Լավրովի պլան-2 անեն…5 կմ գոտի իրենք առաջարկել են դեռեւս 90թ. օգոստոսին, Լեւոն Տեր-Պետրոսյանը մերժել է». Ստյոպա Սաֆարյան

Ապրիլ 08,2024 20:44

Բրյուսելում տեղի ունեցած ԱՄՆ-ԵՄ-ՀՀ  հանդիպումից ու գագաթնաժողովից հետո ընդունվեց հայտարարություն:

Այսօր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում այդ թեմայով քննարկում էր կազմակերպվել:

Ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ կա տեսակետ, որ Ալիեւի «լացն» ազդել է տեքստի վրա, ասում են՝ չկա անդրադարձ Հայաստանի այսօրեական պրոբլեմներին առարկայական, համաձա՞յն եք, ՄԱՀՀԻ hետազոտությունների համակարգող Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց. «Ուղիղ ազդեցությունը զրոյական է այս փաստաթղթի վրա: Այլ է հարցը, որ ակնհայտորեն այլեւս կայացած Մոսկվա-Բաքու առանցքը պահում է իր ուժային գերակայունությունը մեր տարածաշրջանում, նրանց հետ որոշակի դիստանցիայով համերաշխ է Թուրքիան եւս եւ այս հայտարարության բովանդակությունը, ոճը, բառամթերքը, երեւացող եւ չերեւացող մասերի համադրությունը, այդ ամենը իհարկե պայմանավորված են այ իրավիճակով,որը կա մեր տարածաշրջանում: Քաղաքականությունը աշխարհագրության եւ մաթեմատիկայի համադրություն է նաեւ: Սա այս պահի դրությամբ ֆիքսված իրողություն է եւ փոխպարտավորությունները, որոնք այստեղ նախանշված են, ցույց են տալիս, որ իրավիճակը փոխելու խնդիր է դրված»:

Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ երբ քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը խոսեց կանաչ մարդուկների տեղակայման մասին ՀՀ եւ Ադրբեջանի սահմանի երկայնքով, մտքով հետ գնաց 90-ականներ ու հիշեց. «Այդ տարիներին ապրում էի Բաղանիս-Այրումի հարեւանությամբ՝ Ոսկեվան գյուղում՝ 1.5 կմ հեռու ադրբեջանաբնակ գյուղերից: 90 թվականին, երբ այնտեղ կրկին բերել էին սովետա-ռուսական խաղաղապահներ՝ տարածաշրջանում այսպես ասած խաղաղություն  պահելու համար, գիտե՞ք ինչ առաջարկ էին արել 1990 թ. օգոստոսին՝ որ Հայաստանի սահմանում՝ այդ հատվածում ստեղծել 5 կմ-անոց նետրալ գոտի, որտեղ իրենք կանգնած կլինեն: 5 կմ գոտի իրենք առաջարկել են դեռեւս 90 թ. օգոստոսին, որը պաշտոնական Երեւանը մերժել է, Լեւոն Տեր-Պետրոսյանը մերժել է: Ես հետո հասկացա իրենց այդ զայրույթը, որովհետեւ հարակից գյուղը ռազմական ուղղաթիռով գնդակոծվեց՝ պատժելու համար: ՀԱՊԿ-ի հետ կապված ես պատահական չեմ օգտագործում վտանգի աղբյուր բառը: Ակնհայտ է, որ իրենք ուզում էին գալ, էդ նույն մոդելը, որը նախկինում մերժվել է, անեին, նույն մոդելը, որը հաստատեցի Լաչինի միջանցքում, որը տվեցին, հիմա ուզում են այսպես ասած Լավրովի պլան-2 անեն»:

Գուրգեն Սիմոնյանն ասաց, որ ՀՀ ղեկավարությունը տեր է փնտրում. «Մի տերից նեղացած՝ ուրիշ տեր է փնտրում, հիմա մենք ոնց որ անտերի կարգավիճակում լինենք, ՌԴ-ն մեզ գցել է որբ երեխայի նման, հիմա մենք այլ տեր ենք փորձում գտնել»: Ստյոպա Սաֆարյանը հարցրեց ձեզ չե՞ք հակասում, որովհետեւ ասում էիք, որ մենք չենք վերցրել Արեւմուտքի մեկնած ձեռքը քաղաքագետը պատասխանեց. «Արեւմուտքը չի հավակնում մեր տերը դառնալ, հավակնում է մեր դաշնակիցը դառնալ, մենք չենք հասկանում դա: Մենք ավելի հզոր ու ծանրակշիռ բաներ ենք ակնկալում: Մենք կոլոնիա ենք, ուզում ենք ազատագրվենք ու ակվարիումի միջից ցատկել ենք օվկիանոս, չենք կարողանում լողանք: Մեզ նոր տերեր պետք չեն, Արեւմուտքը մեզ տեր չի, գործընկեր է, մենք պետք է սովորենք արդեն ինքնիշխան լինենք»:

Լուսանկարները` Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ֆեյսբուքյան էջից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930