Լրահոս
Օրվա լրահոսը

«Բրյուսելում Ադրբեջանի զսպման հարցերը փակվեցին, տեսնում ենք Ադրբեջանի անհանգիստ շարժումները, դա գալիս է նաեւ ՌԴ-ից, խառնվել են իրար». Ռուբեն Մեհրաբյան

Ապրիլ 08,2024 20:00

Բրյուսելում տեղի ունեցած ԱՄՆ-ԵՄ-ՀՀ  հանդիպումից ու գագաթնաժողովից հետո ընդունվեց հայտարարություն:

Այսօր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում այդ թեմայով քննարկում էր կազմակերպվել:

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանն ասաց, որ բարձր ակնկալիքներ կային այդ հանդիպումից. «Մենք տեսանք, թե ինչքան հակընդդեմ տրամադրված  ուղղություններ կային այս հանդիպմանը դեմ, թշնամիներ կային, Ադրբեջանի վայնասունը ամեն օր էինք լսում, էլ չասած Ռուսաստանի մասին, որ ԱԳՆ-ի մակարդակով ադրբեջանական պատումները տարածելով՝ թիրախավորում էին ՀՀ-ն: Զորաշարժեցին բոլոր հնարավոր բանակցային մեթոդները՝ այս հանդիպումը տապալելու համար, ներքին խմորումներ փորձեցին իրականացնել, արտաքին ագրեսիայի համատեքստում փորձեցին տապալել, փորձեցին նաեւ դիվանագիտական երկխոսության եւ առեւտրի միջոցով Արեւմուտքին խնդրել, որ հանդիպումը չեղարկեն: Միեւնույն է, չեղավ: Սա եւս մեկ անգամ փաստում է, որ Արեւմուտքի համար ՀՀ-ն ընտրված է որպես ռազմավարական ուղղություն: Այս հանդիպմամբ ՀՀ-ն տնտեսական, դիվանագիտական, քաղաքական, անվտանգային բոլոր տեսակի բարձիկները պետք է ստացած լիներ, որ հնարավորություն ստանար ազատագրվելու այն ճիրաններից, որտեղ հայտնված էր անկախությունից ի վեր: Դրանք ՌԴ բազմաֆունկցիոնալ ճիրաններն են»:

Թե արդարացե՞լ են հանդիպումից ունեցած ակնկալիքները՝ քաղաքագետը պատասխանեց, որ այնտեղ նաեւ փակ հանդիպումներ են եղել ու չեն կարող սուրճի մրուրի վրա գուշակություններ անել, ուստի ակնկալվում է հողի վրա ռեալ գործ, որը կերեւա առաջիկայում:

ՄԱՀՀԻ Հետազոտությունների համակարգող Ռուբեն Մեհրաբյանն ասաց. «Ապրիլի 5-ին ձեռք են բերվել ռազմավարական պայմանավորվածություններ: Հանդիպման իմաստը հենց դա էր: Նման հանդիպումներում հրապարակայնացնում են խոսակցության մի 20%-ը, իսկ 80%-ը մնում է մասնակիցների հիշողության մեջ: Այս հանդիպումը հնարավոր դարձավ, որովհետեւ ՀՀ-ն, ԵՄ-ն ու ՀՀ-ն արդեն իսկ ֆիքսել էին շահերի, արժեքների նմանություն, դրա համար այս պայմանավորվածությունները ձեռք բերվեցին համարժեք այն իրավիճակին, որը կար: Չկա եւ չի կարող լինել մի այնպիսի հանդիպում, որ բոլոր հարցերին տա լուծում՝ կողմերի ուզածի չափով: Հարցեր կան՝ հանդիպման արդյունքում փակվեցին: Օրինակ, Ադրբեջանի զսպման հարցերը գործնականում տեսանք ինչպես փակվեցին:

Տեսնում ենք Ադրբեջանի անհանգիստ շարժումները: Դա գալիս է նաեւ ՌԴ-ից, խառնվել են իրար: Դրա դեմն առնելու գործիքակազմն է համալրված կարծես ու կա պայմանավորվածություն, Ադրբեջանի զսպման հարցն է դրված ու դրա լուծման եղանակները: Հիմա խուճապահար ու հիստերիկ պահվածքի դրսեւորումներն են այս անկանոն կրակոցները: Նախ, հանդիպման արդյունքում ֆիքսվեց, որ ԱՄՆ-ն կիսում է ՀՀ տեսլականը տարածաշրջանի ապագայի վերաբերյալ:

Այս հանդիպմամբ նախանշվեց որոշակի ֆորմատ ոչ միայն հանդիպումների, այլեւ համագործակցության: Հիմնական մեխը Հայաստանի դիմակայունության բարձրացումն է, որովհետեւ այսօր մենք սթրեսակայուն չենք, հնարավոր crash թեստերը կարող է չանցնենք, մեր անվտանգության բարձիկները լավը չեն, ցանկացած բախում բերելու է նրան, որ մեր վիզը կարող է ջարդվել: Որպեսզի դա տեղի չունենա, պետք է մեր անվտանգության բարձիկները ավելի հուսալի լինեն, ռեֆորմների օրակարգը պետք է միտված լինի դիմակայունության բարձրացմանը, որովհետեւ մեր պետական մեքենան լավը չի»: Մեհրաբյանն ասաց, որ մեր տնտեսական աշխարհագրությունն էլ լավը չի եւ թույլ է տալիս, որ ՌԴ-ն Ադրբեջանի միջոցով ճնշումներ գործադրի:

Ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ  հռչակագրի տեքստը դիմակայունությունը բարձրացնելու մասին է. «Ակնհայտորեն խոսք է գնում այնպիսի ոլորտների մասին՝ միջուկային անվտանգություն, նոր ատոմակայան եւ այլն, սա այն ոլորտն է, որով ՌԴ-ն Հայաստանին մշտապես խեղճացրել է ու մեր դեմ օգտագործել՝ որպես լծակ: Տեքստում խոսք է գնում արցախահայության տեւական աջակցության մասին, գաղտնիք չէ, որ ռուսական պլաններում նույնպես այդ հարցերը կային՝ օգտագործել արցախահայերին՝ ընդդեմ ՀՀ-ի: Այնուամենայնիվ, որքան էլ այդ բառը չի օգտագործվել, մենք կարո՞ղ ենք ասել, որ ԵՄ-ն ԱՄՆ-ն եւ Հայաստանը թեւակոխում են ռազմավարական գործընկերության փուլ»:

Գուրգեն Սիմանյանն ասաց, որ ռազմավարական փոխգործակցության այդ փուլը սկսվել է 2022-ին Նենսի Փելոսիի այցով. «Այս քայլը ուշացած ես կապում եմ ՀՀ ներքաղաքական ավելորդ զգուշավորությամբ: Մենք ռեալ շանս ունեինք 2022-ին սեպտեմբերյան լայնածավալ հարձակման ֆոնին, երբ մեր զինաթափված զինվորականներին ուղղակի գնդակահարեցին ադրբեջանական հանցագործները, մենք Նենսի Փելոսիի այցով պայմանավորված՝ արդեն տարվա վերջ ՀԱՊԿ-ից կարող էինք դուրս գալ: Եթե ՀԱՊԿ-ից դուրս գայինք, ամբողջ աշխարհը ավելի ջանասիրաբար կպնդեր, որ Բերձորի միջանցքը չփակվեր»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարները` Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930