Թաիլանդի Պհուշկետ քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում, որը Փարիզի օլիմպիական խաղերի վերջին վարկանիշային մրցումն է, այսօր Հայաստանը եւս մեկ օլիմպիական ուղեգիր նվաճեց:
Մինչեւ 102 կգ քաշային կարգում մեր երկիրը ներկայացրին Գարիկ Կարապետյանը եւ Սամվել Գասպարյանը:
Սամվելը պոկում վարժությունում ընդամենը մեկ հաջող մոտեցում կատարելով 172 կգ ծանրաձողին, որոշեց չշարունակել պայքարը հրում վարժությունում:
Իսկ ահա Գարիկը պոկումում բարձրացրեց 185 կգ, ինչը երրորդ արդյունքն էր, հրումում 216 կգ-ով բավարարվեց 5-րդ տեղով, սակայն երկամարտի 401 կիլոգրամով պայքարն ավարտեց երկրորդ հորիզոնականում: Դա բավարար վարկանիշային միավոր բերեց օլիմպիական խաղերին մասնակցելու համար:
Կարդացեք նաև
Մարզաձեւի միջազգային ֆեդերացիան օլիմպիական քաշային կարգերը կրճատել է՝ դրանց քանակը հասցնելով 5-ի. 51, 73, 89, 102 եւ +102 կիլոգրամ; Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը Թաիլանդ տարել է օլիմպիական երեք քաշային կարգերի ներկայացուցիչները: Անդրանիկ Կարապետյանը արդեն ուղեգիր նվաճել է: Այսօր նրան միացավ Գարիկ Կարապետյանը: Մենք նաեւ կարող ենք երրորդ մասնակիցն ունենալ Փարիզում: Վերջին ուղեգրի համար մրցումների եզրափակիչ օրը պայքարելու են գերծանր քաշայիններ Վարազդատ Լալայանը եւ Սիմոն Մարտիրոսյանը:
Ավաղ, օլիմպիական խաղերին տղամարդկանց եւ կանանց մրցավեճին միեւնույն երկրից մասնակցել կարող են ընդամենը երեքական ծանրորդներ, յուրաքանչյուր քաշային կարգում՝ մեկ ներկայացուցիչ: Այնպես որ մեր երկու հսկաների միջեւ հետաքրքիր պայքար է սպասվում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ