Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի՝ գյումրեցի աջակցի գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե

Ապրիլ 08,2024 17:38

Aravot.am-ի տեղեկություններով, օրերս ՆԳՆ նախարարության Շիրակի մարզային վարչությունը գրություն ու փաստաթղթեր է ուղարկել Գյումրու ոստիկանության Կումայրի բաժին՝ հանձնարարելով պարզել, թե օրինակա՞ն են արդյոք «ՀՀ ազգային անվտանգային վերահսկողական կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Արտյոմ Թումանյանի և կազմակերպության անդամների՝ «Գյումրու թիվ 7-րդ հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում կատարած ուսումնասիրությունները։

Ապրիլի 4-ին Կումայրի բաժնի կողմից ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է հետևյալը․ «ՀՀ-ում գրանցված «ՀՀ ազգային անվտանգային վերահսկողական կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահի և կազմակերպության անդամների կողմից նախնական համաձայնությամբ կատարվել է այնպիսի արարք, որը չի բխում իրենց լիազորություններից, կամ դուրս է իրենց լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել հասարակության կամ պետության շահերին:

Այսինքն «ՀՀ ազգային անվտանգային վերահսկողական կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ`Արտյոմ Սուրենի Թումանյանը կազմակերպության մի խումբ անդամների հետ, ներկայացնելով նշված կազմակերպությունը, չունենալով որևէ պետական մարմնի կողմից հաստատված ծրագիր կամ համապատասխան թույլտվություն ս/թ մարտի 11-ին այցելություն են կատարել «Գյումրու թիվ 7-րդ հիմնական դպրոց» ՊՈԱԿ, որտեղ «ՀՀ ազգային անվտանգային վերահսկողական կոմիտե» հասարակական կազմակերպության անունից իրականացրել են վերահսկողական գործառույթ․ կատարել են ուսումնասիրություններ, որը չի բխում իրենց լիազորություններից կամ դուրս է իրենց լիազորությունների շրջանակից»:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Aravot.am-ն այս թեմայի շուրջ պարզաբանումներ խնդրեց Արտյոմ Թումանյանից։

Վերջինս ասաց․ «Ես տեղյակ չեմ, չունեմ նման տվյալներ, իրավապահ մարմիններից ոչ մեկը չի կապվել իմ հետ «Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցի» հետ կապված։ Կճշտեմ ձեր ունեցած տեղեկությունը և առաջիկայում հանդես կգամ մամուլի ասուլիսով»։

Նշենք, որ Արտյոմ Թումանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցներից է․ նա դեռ երեք տարի առաջ Գյումրու Վարդանանց հրապարակում՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի, հանրահավաք էր հրավիրել։

Ավելին, նրա գլխավորությամբ 2021 թվականին հունվարի 25-ին Գյումրի-Երևան մայրուղու Ազատանի հատվածում փակվել էր հանդիպման եկող ընդդիմադիրներ Վազգեն Մանուկյանի, Իշխան Սաղաթելյանի ու նրանց ուղեկցող անձանց մուտքը Գյումրի։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930