Լրահոս
Օրվա լրահոսը

Գանձախույզները փնտրել են ոսկի, բայց հանդիպել են 3,5 հազար տարեկան ֆալոսների. Աշոտ Փիլիպոսյան

Ապրիլ 08,2024 17:04

Ըստ Aravot.am-ի աղբյուրի, վերջերս Ոսկեվազ գյուղից 2,5 կմ դեպի հարավ, Քասախ գետի ափին գտնվող Ախթամիր հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում կատարվել էր ապօրինի հողաքանդում եւ գանձախուզություն, որի ժամանակ վնասվել էին պատմամշակութային արժեք հանդիսացող հիմնահողային դամբանախցերը, հողը լցվել էր վերգետնյա մյուս կառույցների վրա: Ըստ նույն աղբյուրի, հողաքանդման հետեւանքով հայտնաբերվել են բացառիկ կոթողներ, որոնք նախնական թվագրվում են մ.թ.ա. 2-րդ հազարամյակի 2-րդ կեսով: Նշվածը հաստատվել է նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի Արագածոտնի աշխատակիցների կողմից: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Աշոտ Փիլիպոսյան

Aravot.am-ի հետ զրույցում հնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանը հաստատեց, որ գանձախուզության փորձ է եղել Ախթամիր ամրոցին կից դամբարանադաշտի տարածքում:

«Հավանաբար գանձախույզները փորձել են ինչ-որ բան անել, եւ մի երկու-երեք դամբարան են վնասել, բայց քանի որ գանձախույզը պրոֆեսիոնալ չէ, ընդամենը պրոֆեսիոնալ գողացող է, սխալ ուղղությամբ էր քանդել: Դամբարաններից մեկի լիցքի վրայից հավանաբար շերեփով, տեխնիկայով քաշել են, ու 5 հատ ֆալոս է դուրս եկել լիցքից: Հիմա շտապ դրա վրա ենք աշխատում, ուզում ենք անպայման պահպանել, տեղափոխել, նայել դամբարանը: Խեցու բեկորներ էլ կան, եղանակը մի քիչ այն չէ, բայց աշխատում ենք:

Այսօր աշխատել ենք արդեն, կաշխատենք նաեւ վաղը, մյուս օրը: Հույս ունեմ, որ, թերեւս 2-րդ հազարամյակի երկրորդ կեսի դամբարանային կառույցի մնացորդներ կհայտնաբերենք: 5 ֆալոսների՝ քարե կոթողների հայտնաբերումը իսկապես եզակի երևույթ է: Ես ուրիշ դամբարան չեմ հիշում Հայաստանում, որ մեկից ավել ֆալոս դրված լինի մեկ դամբարանի վրա»,-հայտնեց հնագետը:

Հետաքրքրվեցինք՝ իր կարծիքով ինչո՞վ պայմանավորված կլինի 5 ֆալոսների գոյությունը մեկ դամբարանում: «Չեմ կարող ասել: Կամ ինքն իսկապես շատ ուժեղ տղամարդ է եղել (ծիծաղում է-Գ.Հ.), կամ ցեղային առաջնորդ…Պեղումները ցույց կտան: Գուցե եւ դամբարանում բոլորովին էլ տղամարդ չի պառկած… Եթե կմախքից, խեցեղենից ինչ-որ բան մնացած լինի, հուշող նյութեր գտնվեն, ավելի կոնկրետ կկարողանանք խոսել այդ ամենի մասին: Բայց որ ունենք 5 շատ հետաքրքիր ֆալոսներ, որոնք բացառիկ կոթողներ են եւ 3,5 հազար տարեկան են, փաստ է:

Ուղղակի ցավալի է, որ մարդկանց այդքան բացատրում ես, որ այդտեղ ոսկի չկա, պետք չէ քանդել, բայց ոսկի գտնելու մարմաջը շարունակվում է: Չգիտեմ, թե այս անգամ ով է քանդել, բայց ցանկանում եմ, որ անպայման պատժվի եւ արժանին ստանա: Ես չեմ հասկանում՝ ի՞նչն է ստիպում ոչնչացնել մեր պատմական ժառանգությունը: Էլ ինչո՞վ ենք տարբերվում մեր հարեւան թշնամիներից»,-ասաց Աշոտ Փիլիպոսյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Վիքիպեդիայի լուսանկարում՝ Մեծամորի ֆալոսները

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930