2024 թվականի ապրիլի 4-ին Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատախազի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքները և խստացրել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտի սպանության գործով ամբաստանյալների պատիժը՝ նրանց դատապարտելով ազատազրկման 18-ական տարի ժամկետով:
Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը բեկանել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը և փոփոխել ամբաստանյալներ Վաչե Սահակյանին, Գնել Թևոսյանին, Մովսես Ազարյանին և Նորիկ Սահակյանին մեղսագրվող հանցանքի իրավական գնահատականը. վերջիններս մեղավոր են ճանաչվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ ու 10-րդ կետերով նախատեսված՝ խմբի կողմից խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու համար:
Հիշեցնենք, որ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք էր առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ և 10-րդ կետերով այն արարքի համար, որ նրանք, հանդիսանալով Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտներ, 2015 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի ննջարանում, առանձին դաժանությամբ, մի խումբ անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին:
2015 թվականի հոկտեմբերի 23-ին դատախազը հաստատել էր Հայկազ Բարսեղյանի վերաբերյալ քրեական գործի մեղադրական եզրակացությունը և հանձնել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։
Կարդացեք նաև
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2022 թվականի ապրիլի 5-ի դատավճռով՝ ամբաստանյալների մեղադրանքները վերաորակել էր Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և նրանց դատապարտել ազատազրկման՝ 15-ական տարի ժամկետով:
Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ ամբաստանյալներին արդարացնելու վերաբերյալ պաշտպանների բողոքները մերժվել են:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ